Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տասնյակ բնակիչների ապրուստի միջոցը տարան, թաղեցին

Հասարակություն
DSC00587

Մաքուր կոշիկները կարող են մի վայրկյանում հողով ու փոշով պատվել, եթե մի քանի քայլ անցնես Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի փողոցներով։ Բնակիչներից մեկն, ով 47 տարի է՝ այստեղ հարս է, չի հիշում դեպք, երբ գյուղում ասֆալտապատում արած լինեն։ Սրանով խնդիրները չեն վերջանում։ Շատ երիտասարդներ այստեղ ընտանիք դեռ չեն կազմել, պատճառը սոցիալական պայմաններն են։ Բնակչությունը մեծապես զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Մերուժան Պապոյանը՝ Գետամեջի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն, ասում է. «Վերջին շրջանում դժվարացել է բնակիչների վիճակը՝ կապված Թռչնաֆաբրիկայի փակվելու հետ։ Գետամեջի հավը շատերին էր հայտնի իր որակով, համով, իսկ հիմա ֆաբրիկան փակվեց։ Այն ապահովում էր տասնյակ բնակիչների կեցությունը։ Հազարներով հավ տարան, թաղեցին՝ պատճառաբանելով, թե մանրէ է հայտնաբերվել, ճիշտ չեն խնամել հավերը»։ Գյուղի յոթ հարյուր բնակչից շատ քչերն են կարողանում հոգալ ապրուստի ծախսերը։ Գյուղապետարանի աշխատակիցը մեկ այլ դժգոհության առիթ էլ ունի. «Ցրտահարությունից տուժած տնտեսվարողներից շատերին պետությունը գումար հատկացրեց, բայց իրենց գյուղը դրանից չօգտվեց։ Պատճառն այն էր, որ տնամերձ հողերին այդ օժանդակությունը չի հատկացվում, այլ միայն մեծ այգիներին»։ Գյուղում տրանսպորտի խնդիր էլ ունեն. քաղաքին կապող փոխադրամիջոցն օրական մի քանի ժամ է ընդամենը սպասարկում։ Որոշ ժամանակ առաջ մի տրանսպորտային միջոց սկսել է աշխատել, բայց ուղևորներն այնքան քիչ են եղել, որ ձեռնտու չի եղել, և գծի սեփականատերը ստիպված փակել է երթուղին։ Գետամեջում համայնքների խոշորացման ծրագրից, մեղմ ասած,մեծ ակնկալիքներ չունեն։ Պապոյանը շեշտում է. գյուղում մանկապարտեզ չունեն և եթե Գետամեջի տասը կամ քսան տարվա բյուջեն էլ վերցնեն, չեն կարողանա մանկապարտեզ կառուցել։ Թղթաբանության հարցում էլ դժվարություններ կառաջանան. ասում են, թե տեղում կլինի մեկ աշխատակից, ով կզբաղվի այդ հարցերով, բայց գյուղացին ամեն հարցով չի կարողանա դիմել այդ աշխատակցին, արդյունքում՝ մի թղթի համար ստիպված է լինելու հասնել գյուղապետարան՝ հեռու իր բնակավայրից։ Այս ամենի մեջ միանշանակ է մի բան. Գետամեջի ժողովուրդը համերաշխ է, միմյանց օգնելու պատրաստ։ Մերուժան Պապոյանն էլ շեշտում է. բնակչությունը ինքնաբավ է, բարի ու հպարտ։ Հիմա էլ, եթե գյուղացուն հարցնես, թե ինչպես է ապրում՝ չի բողոքի, թեև խնդիրները քիչ չեն։ DSC00589 DSC00592