Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« 100 դրամի» ակցիան տեղափոխվել է Ստեփանակերտ (տեսանյութ)

Հասարակություն
100

Ստեփանակերտի քաղաքապետարանի դիմաց ակցիա է անցկացվել հոկտեմբերի 1-ից ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։  Քաղաքապետի որոշմամբ  հոկտեմբերի 1-ից ուղեվարձը 70 դրամից նախատեսվում է դարձնել 100 դրամ։ Հայտարարությունը փակցված է նաեւ ներքաղաքային ավտոբուսներում։ Ըստ karabakh-open-ի՝  մասնակիցներից շուրջ 20 հոգի բարձրացել են դահլիճ, սակայն քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը , տեսնելով լրագրողներին,  հրահանգել է դուրս գալ  դահլիճից։ Լրագրողները չեն համաձայնվել հեռանալ, իրենց անհամաձայնությունն են արտահայտել նաեւ ակտիվիստները՝ անիմաստ համարելով առանց լուսաբանման քննարկումները։ Քաղաքապետը, լսելով ակտիվիստների նման դիրքորոշումը, դուրս է հրավիրել նաեւ բոլոր մասնակիցներին։ Ակցիայի կազմակերպիչներից Հայկ Խանումյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մինչև 100 հոգանոց ակցիա էինք կազմակերպել Ստեփանակերտի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման: «Ոչ՝ անհիմն թանկացումներին» նախաձեռնող խմբի այս ակցիայի ժամանակ մի քանի բաներ ի հայտ եկան, որոնց մասին կուզեի խոսել: Առաջինը՝ մեր պաշտոնյաների հանրության հետ շփվելու պատրաստ չլինելն է: Քաղաքապետն, իջնելով բողոքի ակցիայի մասնակիցների մոտ, անընդհատ կրկնում էր, թե ակցիան շոու է, որի նպատակը այն նկարելն ու համապատասխան կենտրոններին ուղարկելն է: Այսինքն՝ յուրաքանչյուր բողոք պարոն քաղաքապետը դիտարկում է ինչ-որ կենտրոնների նախաձեռնություն, բայց ոչ երբեք հանրության նախաձեռնություն: Երկրորդը՝ լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականությունն է: Արդեն քաղաքապետարանի դահլիճում հանդիպման ժամանակ պարոն Գրիգորյանը պահանջեց, որպեսզի բոլոր տեսանկարահանող սարքերը դուրս բերվեն: Լրագրողի տրամաբանական հարցին, թե ինչու քաղաքապետարանի այլ գործունեություն, ավագանու նիստ և այլն լուսաբանվում է և չի արգելվում, իսկ այս հանդիպումը լուսաբանվելը արգելվում է՝ քաղաքապետը պատասխան չուներ: Լրագրողների աշխատանքի խոչընդոտումը, քաղաքապետարանի կողմից հանդիպման լուսաբանմանը պատրաստ չլինելը ձախողեցին հանդիպումը: Կարևորը, որ նախաձեռնող խմբերը վճռական են բողոքի ակցիաները շարունակելը, ցանկալի արդյունքին հասնելու համար: Արցախի բոլոր մակարդակի իշխանությունները պետք է կարողանան լսել հասարակությանը, որոշումներ ընդունելիս հաշվի առնեն հանրության կարծիքը, հանրությունն Արցախում պետք է դառնա ուժեղ և ազդեցիկ: Պաշտոնյաները, հատկապես ընտրովի պաշտոն զբաղեցնողները, պետք է ավելի հաճախ շփվեն ժողովրդի հետ, հրաժարվեն կոպիտ և վերջնագրային տոնով խոսելուց»։