Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղբյուրը բացահայտելն անթույլատրելի է. «Հրապարակ»-ի խմբագիրը՝ դատարանի որոշման մասին (տեսանյութ)

Հասարակություն
1ba2debc1a0de26317331baea52c4b60

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է «Հրապարակ» օրաթերթի եւ iLur.am կայքի բողոքը։ Լրատվամիջոցները բողոքարկում էին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով պահանջվում էր բացահայտել հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը։ «Դեռ բացահայտելու մասին խոսք լինել չի կարող։ Կսպասենք,Վճռաբեկից հետո դատարանի որոշումը ուժի մեջ մտնի, եւ հետո մեր քայլերը կկարողանանք կշռադատել»,- «Ա1+»-ին ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։ Նրա խոսքերով՝ աղբյուրը բացահայտելն ամենաանթույլատրելի բանն է, որ լրատվամիջոցը կարող է անել։ «Այդ մարդկանց չենք կարող դնել հարվածի տակ, հասկանալի է, թե Հայաստանում ինչ կարող է կատարվի այդ մարդկանց հետ եւ երկրորդը՝ մենք դեռ պետք է շարունակենք աշխատել, որ մարդիկ մեզ շարունակեն վստահել, շարունակեն դիմել խմբագրություն, իրենց ունեցած ինֆորմացիան, որ մեզ համար արժեքավոր է, տրամադրեն»,- նշում է օրաթերթի խմբագիրը։ Այս ամենը, նրա խոսքերով, միայն մեկ նպատակ է հետապնդում. «Փորձում են այնպես անել, որ դու վտանգավոր տեղեր քիթդ չխոթես, չփորձես հրապարակել բաներ, որոնք պետական օղակների կողմից փակվում են, չեն թույլատրվում, որպեսզի հրապարակվի։ Եւ վախեցնում են այն մարդկանց աչքը, որոնք աշխատում են համագործակցում են լրագրողների, լրատվամիջոցների հետ»,- եզրափակում է Արմինե Օհանյանը։