Զինվորական քրեական հանցագործությունների թիվն աճել է (տեսանյութ)
2008-ից 2013 թթ. ընթացքում զինվորական քրեական հանցագործությունների թիվը շարունակաբար աճել է, իսկ կարգապահական տույժերի թիվը՝ նվազել։ «Ոչ թե հանցագործությունների թիվը մեծացել է, այլ հիմա յուրաքանչյուր դեպքում հարուցվում է քրեական գործ եւ փորձ է արվում զսպել խախտումների հետագա տարածումը քրեական պատժի միջոցով»,- հայտարարեց «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Նրա խոսքով՝ այստեղ ամենամտահոգիչն այն է, որ դատարանները պարզապես կատարում են զինդատախազության եզրակացությունը, եւ այն դառնում է դատավճիռ. «Դատարանների կողմից դատաքննության բոլոր անհրաժեշտ բաղադրիչների պահպանումը ավելի շատ ձեւական բնույթ է կրում»։ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Պերճ Այվազյանը նշում է՝ օրենքը բոլորի համար միատեսակ է գործում։ «Օրենքի պահանջներն են գործում, ծառայությունը մինչ այժմ տարբերություն չի դրել եւ չի դնելու»,- ասում է գնդապետը։ Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի զինծառայողների հարցերով իրավապաշտպան Արմեն Գրիգորյանն արձանագրում է՝ գրասենյակը բազմաթիվ բողոքներ է ստանում կարգապահական տարբերակված մոտեցման եւ տարբերակված վերաբերմունքի մասին. «Միեւնույն խախտման համար պատասխանատվության չեն ենթարկվում նույն կարգավիճակում գտնվող զինծառայողները կամ միեւնույն վարքագծի համար խրախուսանքի է ենթարկվում մի զինծառայողը, մյուսը՝ ոչ»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն առաջարկում է պայքարել այդ երեւույթների դեմ։