Սահմանամերձ գյուղը պարտքերի տակ է
Տավուշի մարզի սահմանամերձ Նավուր գյուղը շուտով կունենա իր ամբուլատորիան։ Տարիներ շարունակ գյուղի բնակիչները, նույնիսկ չնչին առողջական խնդրի դեպքում, ստիպված են եղել գնալ հարևան Բերդ քաղաքի հիվանդանոցը, իսկ այժմ կկարողանան բուժօգնություն ստանալ իրենց գյուղում․ «Մի հասարակ բուժման համար պետք է հասնենք Բերդ, 1000 դրամ տանք տաքսուն, որպեսզի մի 200 դրամանոց դեղ առնենք, իսկ հիմա և ժամանակի, և միջոցների խնայողություն կանենք»․- նշում են գյուղացիները։ Ամբուլատորիայի կառուցումը սկսվել է այս տարվա գարնանը, ավարտը նախատեսվում է այս աշնանը։ Համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Նիգոյանի խոսքով՝ մնում են միայն ներսի աշխատանքները։ Ամբուլատորիան կառուցվել է պետական ֆինանսավորմամբ, միայն 5 տոկոսը, որը կազմում է 2․5 միլիոն դրամ, պետք է համայնքը ներդնի,սակայն համայնքը դեռ այդպիսի հնարավորություն չունի։ Մ․Նիգոյանը նշում է, որ իրենք դեռ փնտրում են բարերարների, ովքեր կհովանավորեն և ներդրում կանեն։ Բացի այդ, համայնքն այլ ծախսեր ունի. «Արոտների կառավարում և անասնապահության զարգացում» ծրագրի շրջանակներում գյուղնախարարությունը գյուղտեխնիկա է տրամադրում համայնքին, որից կրկին 5 միլիոն դրամը պետք է ներդնի համայնքը։