Տիգրան Սարգսյանի օրոք սահմանամերձ գյուղի գազաֆիկացումը ծրագրից հանվել է
Սահմանամերձ բարձրադիր Նավուր գյուղը, ի տարբերություն մնացած սահմանամերձ գյուղերի, ավելի շատ ստվերում մնացած գյուղերից է: Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Այս գյուղը այն եզակի գյուղերից է, որ գազաֆիկացված չէ: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք գյուղի գազաֆիկացումը ծրագրից հանվել է: Գյուղի խնդիրներից մեկն էլ գյուղտեխնիկայի պակասն է։ «Եղած գյուղտեխնիկան հին է, պահեստամասերն էլ՝ թանկ»,- նշում է համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Նիգոյանը: Բացի այդ, խմելու ջրի խնդիր կա. «Երեք կիլոմետր խմելու ջրի ջրագիծ ունենք, հասցրել ենք գյուղ, բայց գումար չկա, որ ներքին ցանցը կառուցենք»: Գյուղի զարգացման գերակա ճյուղը անասնապահությունն է, անասունները կան, կերի բազան կա, բայց այստեղ էլ գյուղմթերքի իրացման խնդիր կա: Գյուղի առանցքային հիմնախնդիրներից պետք է նշել կոյուղու և տրանսպորտային միջոցների բացակայությունը: Այստեղից դուրս գալու հիմնական փոխադրամիջոցը տաքսին է, որը գյուղացիների համար միշտ չէ, որ մատչելի է լինում: