Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՕԵԿ ասելով տաղավար տոներն եմ հիշում». Բուհի ու ՕԵԿ-ի միջեւ խնդիրը չի հարթվում (տեսանյութ)

Հասարակություն
asulis

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ագրարային համալսարանի տարածքում շինարարություն իրականացնող ՕԵԿ կուսակցության պատգամավորների ՝ օգոստոսի 13-ին համալսարանի տարածքում տեղի ունեցած բախման  առիթով քրեական գործ հարուցելու դիմումը: «Երբ 2008 թվականին կառավարությունը նրանց հող տվեց համալսարանի տարածքում, դա չէր ենթադրում նման շինարարություն: Մեր ռեկտորը տվել է իր համաձայնությունը՝ հստակ պահանջներ ներկայացնելով, բայց ՕԵԿ-ը ոչ միայն չկատարեց ընդամենը մեկ հարկ կառուցելու համաձայնությունը, այլև ցանկապատեց իրենց հատկացված տարածքից ավելի շատ տարածք ու շինարարություն սկսեց»,-մեկնաբանեց Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը: Պարոն Էֆենդյանը վստահեցնում է, որ օգոստոսի 13-ին տեղի ունեցած բախումից ոչ մեկը չի տուժել և ՕԵԿ պատգամավորների հայտարարությունները վնասվածքների մասին ճիշտ չեն. «Գործով զբաղվող քննիչն էլ է փաստում, որ ոչ ոք չի տուժել: Հովհաննես Մարգարյանը, ով իբր ողնաշարն էր վնասել, պարզվեց, վաղուց է ողնաշարից բողոքում, իսկ Բիշարյանը ոչ մի բուժօգնության էլ չի դիմել»: Համալսարանի մեկ այլ պրոռեկտոր, դասախոս Դանիել Պետրոսյանը խոստովանում է, որ չգիտի, թե ինչպես ուսանողներին մեկնաբանի պատգամավորների վարքագիծը. «Ի՞նչ ասեմ, ի՞նչ սովորեցնեմ 17-18 տարեկան երիտասարդներին, որ պատգամավորները օրենքին հակառակ են գործու՞մ: Ես արդեն ՕԵԿ ասելով տաղավար տոներն եմ հիշում, որովհետև շինարարությունը իրականացնում էին միայն շաբաթ-կիրակի օրերին և այն էլ գիշերով»: Պարոն Պետրոսյանը համոզված է, որ պատգամավորների վարքագծին պետք է որակում տա հենց ԱԺ-ն, ապա հանդես եկավ հորդորով. «Ես դիմում եմ բոլոր պատգամավորներին՝ ձեռքներդ հեռու համալսարանների տարածքներից: Ես մտավախություն ունեմ, որ էլի մարդիկ կհայտնվեն, ովքեր կփորձեն տիրանալ կրթական տարածքներին»: