«Մարզահամերգային համալիրը դառնալու է հասարակական զուգարան». Կորյուն Գրիգորյան
Թե ի՞նչ ձև է ՊՆ-ն շահագործելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը չի պատկերացնում: «Անկեղծ ասած չեմ պատկերացնում , թե ինչ է անելու ՊՆ-ն շենքի հետ, խաթարվեց մեր մշակութային կյանքը, այսօր համալիրը փակ է և ոչ մի միջոցառում չկա: Այս հարցով պետք է զբաղվեր մշակույթի նախարարությունը»,-նկատում է նա: Պարոն Գրիգորյանի կարծիքով զարմանալի չէր, որ համալիրի հարցը այսպես լուծվեց.«Մենք երեք նամակ ենք ուղարկել Հովիկ Աբրահամյանին, բայց պարզվում է, որ այդ նամակներից և ոչ մեկը նրան չի հասել: Քաղաքականությունը այսպես է, երբ կա հիմնարար խնդիր, առաջ են քաշում արհեստական խնդիրներ ու շեղում, մենք բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, որ պետբյուջեից կորել է քսանհինգ հազար միլիոն դրամ, որը մենք պարտք ենք և պետք է բյուջեում դա հաշվառված լիներ, բայց արդեն 2013-2014թ. բյուջեում Տիգրան Սարգսյանի և Դավիթ Սարգսյանի թեթև ձեռքով էլ չկար»: Կորյուն Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ մարզահամերգային համալիրում վիճակը փոխվել է հենց այն պահից, երբ ԴԱՀԿ աշխատակիցները հայտնվեցին համալիրում.«ԴԱՀԿ աշխատակիցները մեկ ամիս է, ինչ հայտնվեցին և փակեցին համալիրի այն տարածքը, որտեղ մարդիկ զբոսնում են, մարզվում են, սկսեցին անխնա շահագործել մեր ապրանքը՝բազմոցները հանում են դուրս ու արևի տակ պառկում, մեքենաները կանգնեցնում անմիջապես համալիրի դռան մոտ, խայտառակ վիճակ է սկսել , գարշահոտ է համալիրի շուրջը, եթե զինվորներն էլ գան, լցվեն, համալիրը կդառնա իսկական հասարակական զուգարան»: Պարոն Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ իրենք տարբեր հայցերով, այդ թվում ԴԱՀԿ աշխատակիցների անօրինական գործողություններին վերաբերող բողոքներով դիմելու են դատարան և պատրաստ են անհրաժեշտության դեպքում հասնել մինչև Եվրոդատարան: