Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանից ջուր վերցնելու կառավարության որոշումը դավադրությու՞ն է

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar0000113

«Սևանը մեր էկոհամակարգի զարկերակն է»,-ահազանգում է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Նա անընդունելի է համարում կառավարության՝ Սևանից ջուր վերցնելու մասին որոշումը.«Սևանը մեզ համար ունի ռազմական նշանակություն, բայց մեր իշխանությունները դա չհասկացան և անդադար սպառողական քաղաքականություն ու վերաբերմունք են ցուցաբերում Սևանի նկատմամբ»: Տիկին Ղուկասյանի կարծիքով նման սպառողական քաղաքականության հիմքում ընկած է վերադաս մարմինների անպատասխանատվությունը.« Այդպես էլ չհասկացան, որ Սևանը ջրամբար չէ, որ մեկ բարձրացնեն, մեկ իջեցնեն: Սևանա լճից ջուր բաց թողնելը կունենա լուրջ հետևանքներ, մեր իշխանությունները չեն կարողանում ջրային պաշարաները ճիշտ կառավարել»: «Հանուն կայուն մարդկային զարգացման»  ՀԿ նախագահ, բնապահպան Կարնե Դանիելյանը խոստովանում է, որ չի ուզում հավատալ, որ Սևանից ջուր վերցնելու կառավարության որոշումը դավադրություն է.«Կա երկու կարծիք. ըստ կառավարական տեսակետի` այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ  մենք ունենք ոռոգման խնդիր և Սևանի ջուրը միակ ելքն է, իսկ ըստ բնապահպանների՝ սա ուղղակի դավադրություն է և համապատասխան մարմինները խոչընդոտում են Սևանի մակարդակի բարձրացմանը, որպեսզի իրենց հանգստյան տները չտուժեն: Ես չեմ ուզում հավատալ, որ երկրորդ կարծիքը ճիշտ է, Սևանը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար»: Տիկին Դանիելյանը նաև տեղեկացրեց, որ վարչապետի համաձայնությամբ ստեղծվելու է մասնագետների անկախ խումբ, որը կուսումնասիրի կառավարության որոշման հնարավոր հետևանքները և առավել օպտիմալ տարբերակներ կառաջարկի: