Հայ տանկիստները գրավել են երկրորդ տեղը
«Տանկային բիաթլոն-2014» մրցույթի եզրափակիչ փուլում հայ տանկիստները գրավել են երկրորդ տեղը Ռուսաստանի Դաշնությունում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում այսօր` օգոստոսի 16-ին, կայացել է «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումների եզրափակիչ փուլը: «Տանկային բիաթլոն-2014»-ի եզրափակիչ փուլում մրցում էին նախորդ օրերի արդյունքներով 1-ից 4-րդ տեղեր գրաված երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի և Հայաստանի զինված ուժերի տանկային անձնակազմերը: Եզրափակիչ փուլի արդյունքներով հայ տանկիստները, արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավել են երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի ու Ղազախստանի տանկային անձնակազմերը: «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներին մասնակցել են 12 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմերը: Միջազգային մրցույթին մասնակցած հայ տանկիստները հայրենիք կվերադառնան վաղը` օգոստոսի 17-ին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսի 17-ին, ժամը 16.30-ին տեղի կունենա դիմավորման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն բարձրաստիճան զինվորականներ, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տանկիստների հարազատները: Դիմավորման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար ՀՀ պաշտպանության նախարարությունը տրամադրել է ավտոբուսներ, որոնք կմեկնեն ԵԿՄ վարչական շենքի մոտից օգոստոսի 17-ին, ժամը 15.30-ին: Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին՝ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության արդյունքում փոխչեմպիոն դառնալու առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին՝ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության արդյունքում փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ: «Տանկային բիաթլոնի առաջնության հայկական անձնակազմի սիրելի տղաներ, Շնորհավորում եմ ձեզ, տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների և փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական Զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է: Ձեր ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն էլ ավելի խթանելու հիանալի օրինակ է: Ապրեք տղաներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: