Դեղերը կթանկանա՞ն (տեսանյութ)
Այս տարի Հայաստանում դեղերի արտահանման ծավալները նախատեսվածից քիչ է լինելու։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նաև դեղերի արտադրանքի քիչ քանակով։ Ըստ Զաքարյանի՝ տեղական արտադրանքի ծավալներին հարվածում է Հնդկաստանից Հայաստան ներկրվող դեղերի քանակը. «Անհասկանալի, էժան գներով դրանք հաղթում են մեր տեղական արտադրությանը և հայ արտադրողն իրացման շուկայում խնդիրներ ունի», - փաստում է Զաքարյանը։ Ըստ նրա՝ հայ դեղարտադրողները կանգնած են մի շարք մարտահրավերների առջև.« Հայ դեղարտադրողների ծավալների վրա ազդում է նաև «Դրոշմանիշների» մասին օրենքը, որը, լրացուցիչ ծախսեր է պահանջում», - ասաց ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։ Վերջինս չի բացառում, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կազդի նաև դեղերի գնի վրա.«Հնարավոր է, որ դեղերը թանկանան», - նշեց նա։ ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահի փոխանցմամբ՝ նախորդ տարի, ի տարբերություն մյուս ոլորտների, դեղագործական ոլորտը բավականին աճ է ապրել: Տեղական արտադրանքը 26 տոկոսով ավելացել է։ Նրա խոսքով՝ Հայաստանում մի շարք դեղարտադրող ընկերությունների արդեն տրվել են հավաստագրեր։