Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Հյուսիսային Իրաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Հյուսիսային Իրաքում ստեղծված օրհասական իրավիճակի կապակցությամբ Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում Հյուսիսային Իրաքի Շանգալ շրջանի եզդի բնակչության եւ կրոնական մյուս փոքրամասնությունների օրհասական վիճակի կապակցությամբ: Տարածաշրջանի բնակչությունը, փաստորեն, կանգնած է հումանիտար աղետի շեմին: Իրեն «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» (ISIS) հորջորջող ահաբեկչական կազմակերպությունն անցել է եզդի բնակչության զանգվածային տեղահանության եւ բնաջնջման։ Հարյուր հազարավոր իրաքցիներ, որոնց մեծ մասը՝ կրոնական փոքրամասնություններ, լքել են Շանգալ մարզի հարավային հատվածում գտնվող իրենց բնակավայրերը: Իսկ շուրջ 70.000-ը բարձրացել են Շանգալի լեռները, որտեղ այժմ տառապում են ջրի եւ սննդի պակասից: Արդեն հարյուրավոր մարդիկ, այդ թվում կանայք եւ երեխաներ մահացել են: Օրերս հայտնի դարձավ, որ շուրջ 500 եզդի կանանց իսլամիստները առեւանգել են եւ տարել անհայտ ուղղությամբ: Այս իրավիճակը հղի է ընդլայնման եւ է՛լ ավելի վատթարացման վտանգով, այն լրջագույն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի, ներառյալ Հարավային Կովկասի համար: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Հյուսիսային Իրաքի խաղաղ բնակչությանը եւ չենք կարող անտարբեր դիտել, թե ինչ են անում ահաբեկիչները նրանց հետ: Կոչ ենք անում Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական կառույցներին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնել Հյուսիսային Իրաքի կրոնական փոքրամասնությունների բնաջնջման դեմ: Հայաստանի Հանրապետությանը, որի քաղաքացիներ են տասնյակ հազարավոր եզդիներ, պարտավոր է իր հստակ պաշտոնական դիրքորոշումն արտահայտել նշված ահաբեկչական գործողությունների նկատմամբ: Ակնկալում ենք, որ Եվրամիությունը, ԵՄ անդամ երկրներն ու Արեւելյան գործընկերության երկրները բոլոր հնարավոր եղանակներով անհապաղ մարդասիրական օգնություն կցուցաբերեն Հյուսիսային Իրաքի բնակչությանը: Կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ անհրաժեշտության դեպքում խաղաղապահ գործողություններ նախաձեռնել Շանգալի տարածաշրջանում՝ տեղի բնակչությանը հումանիտար աղետից փրկելու նպատակով: ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ 11 օգոստոսի, 2014թ., ք. Երեւան