Ինչ է արտադրվել ժամանակին ՀՀԿ գրասենյակի շենքում (տեսանյութ)
Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքն ունի ոչ քաղաքական անցյալ։ Ժամանակին այն կոնյակի և գինու գործարան էր։ Սա մի օրինակ է, որ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում, երբ հուշարձանը տեղափոխում են։ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը հիշեցնում է՝ այս շենքը մեկ դար առաջ պատկանում էր հայ մեծահարուստ Համբարձում Սողոմոնյանին, որի արտադրած կոնյակն ու գինին հայտնի էին բոլորին։ Շենքը գտնվում էր Թումանյան 23 հասցեում։ 1890-ական թթ. կառուցված այս շենքը տեղափոխվել և վերակառուցվել է 2001թ.-ին. «Եկեք, հասկանանք՝ ինչ ստացվեց այդ տեղափոխման հետևանքով։ Շենքը գտնվում էր Թումանյան փողոցի վրա ամբողջ լայնությամբ և իրենից ներկայացնում էր մեկ ու կես հարկանի շինություն՝ տեղափոխելով այս հուշարձանը թեքվել է, և մեկուկես հարկանի շենքը դարձել է 4 հարկանի։ Այսինքն` հուշարձանն աղավաղվեց, և արդեն նա հուշարձան չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ որքան էլ հուշարձանն աղավաղեն, պատմությունն ամբողջությամբ ջնջել հնարավոր չէ. «Մեծահարուստ Սողոմոնյանը այստեղ արտադրել է գինի և կոնյակ, և նրա արտադրած կոնյակը 1893 թվականին Չիկագոյում ստացել է ոսկե մեդալ»։։ Այս մասին փաստող որևիցե ցուցափեղկ չկա շենքի վրա, սակայն անցյալի մասին հուշում են շենքի նախշերը խաղողի տեսքով, որն ուշադիր անցորդին կարող է թյուրիմացության մեջ գցել. «Եթե մենք ուշադրություն դարձնենք՝ զարմանալի է՝ ինչ կապ ունի խաղողը հանրապետական կուսակցության հետ, չգիտեմ։ Ուրիշ ազգերը կհպարտանային, կերազեին ունենալ Սողոմոնյանի պես գործարար»,- կարծիք հայտնեց ՀԿ ղեկավարը։ Մանրամասներ՝ տեսանյութում