Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԿՈՒՍՏԵՔ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՌՈՒՄԻՆԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Սպորտ

Ռումինիա-Հայաստան ընտրական հանդիպմանը հաշված ժամեր են մնացել: Թեեւ 2 հավաքականներն էլ կորցրել են հնարավորությունը աշխարհի առաջնության դուրս գալու համար, սակայն Ռումինիայում այս հանդիպման նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել:

Ռումինացիները շատ լավ ծանոթ են հայական ֆուտբոլին: Նախ Հայաստանի հավաքականը դեռեւս անցած տարի մարզում էր ռումինացի Միխայ Ստոյկիցան: Բացի այդ Ռումինիայի առաջնությունում են հանդես գալիս Արման եւ Արտավազդ Քարամյանները: Այն բանից հետո, երբ ռումինացիները Երեւանում չկարողացան հաղթել Հայաստանին, այդ երկրում ավելի հարգանքով են խոսում հայկական ֆուտբոլի մասին, իսկ ռումինական մամուլը նշել է, որ եթե այս անգամ էլ թերագնահատենք Հայաստանին, ապա կրկին անհաջողության կմատնվենք:

2 թիմերն էլ կազմի հետ կապված որոշակի խնդիրներ ունեն: Մասնավորապես Ռումինիայի հավաքականի առաջատար Ադրիան Մուտուն եւ Կլաուդիո Նիկուլյանուն վնասվածքներ ունեն: Մուտուն չկարողացավ մասնակցել նաեւ երեւանյան մրցավեճին, սակայն այն ժամանակ նա որակազրկված էր: Հայաստանի հավաքականից էլ վնասվածքներ ունեն Մակեդոնիայի հետ խաղում հիմնական կազմում ընդգրկված Աղվան Մկրտչյանը, Կարեն Ալեքսանյանը եւ Համլետ Մխիթարյանը: Վերջինս սակայն հնարավոր է, որ այնուամենայնիվ դուրս գա խաղադաշտ: Իսկ իր սկանդալային բնավորությամբ հայտնի Ալբերտ Սարգսյանը կրկին հրաժարվել է հանդես գալ ազգային հավաքականում: Հերթական անգամ ֆուտբոլիստը վերջին պահին հեռանում է հավաքականից: Այս անգամ Սարգսյանը դժգոհել է մարզչից այն բանի համար, որ շաբաթ օրը կայացած Հայաստան - Մակեդոնիա խաղի 53-րդ րոպեին փոխարինվել է:

Ամենայն հավանականությամբ այս անգամ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում կընդգրկվի Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Եղիշե Մելիքյանը, որը մակեդոնացիների հետ խաղում նստած էր պահեստայինների նստարանին:

Ռումինիա - Հայաստան հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:30-ին, Կոնստանցա քաղաքում: Մեր ժամանակով 19:00-ին խաղադաշտ դուրս կգան երիտասարդական հավաքականները: Հայաստանի երիտասարդական հավաքականում նույնպես փոփոխություններ կան: Մարզիչ Սամվել Պետրոսյանը որոշել է խաղադաշտ դուրս բերել հիմնականում 19 տարեկանների հավաքականի թեկանծուներին, իսկ Լեւոն Պաչաջյանը տեղափոխվել է ազգային հավաքական: Ռումինայի երիտասարդական հավաքականն ի տարբերություն Հայաստանի ընտրական վերջին 2 խաղերում պարտություններ է կրել: Սակայն անցած տարի Երեւանում կայացած Հայաստանի եւ Ռումինիայի երիտասարդական հավաքականների խաղում 5:0 հաշվով հաղթել են հյուրերը: