Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ

Այսպիսի առաջադրանք է դրված 19 տարեկանների հավաքականի առջեւ

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած Հայաստանի 19 տարեկանների հավաքականը այսօր Վիեննա - Երեւան չվերթով ժամանեց «Զվարթնոց» օդանավակայան: Ֆուտբոլիստներին դիմավորելու էին եկել նրանց մտերիմները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, գործկոմի անդամներ եւ սակավաթիվ երկրպագուներ:

Չնայած մեր ֆուտբոլի պատմության մեջ 19 տարեկանները աննախադեպ հաջողության էին հասել, սակայն ֆուտբոլասեր հասարակությունը բավականին անտարբեր էր, միգուցե պատճառներից մեկն էլ այն էր, որ ֆեդերացիայից ավտոբուսները «Զվարթնոց» պետք է ուղեւորվեին առավոտյան ժամը 4:00-ին:

Ինչեւէ, հավաքականը նախատեսվածից մի փոքր ուշ ժամանեց, որից հետո «Զվարթնոցի» շրջակայքում հրավառություն սկսվեց ռազմական նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ: Ֆուտբոլիստները եւ գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը սկզբում մի փոքր հուզված էին եւ խուսափում էին մեկնաբանություններ տալ Հունգարիայի մրցաշարի վերաբերյալ, սակայն աստիճանաբար վարժվելով մթնոլորտին, նշեցին, որ մրցավայր էին մեկնել հաղթելու նպատակով եւ դա արեցին շատ դժվարին պայքարում:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մրցաշարում 4 գնդակ խփած 18-ամյա Էդգար Մանուչարյանի հետ միասին տված ճեպազրույցում նշեց, որ այս հաջողությունից հետո հավաքականի առջեւ խնդիր է դրված նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը. «Բոլորս էլ տեսանք, որ հավաքականը բավականին ուժեղ է եւ կարող է լուրջ խնդիրներ լուծել: Իմ ասած ապագայի հավաքականը հենց սա է»:

Իսկ ահա Էդգարը ասաց, որ ամենադժվար խաղը կայացավ Բելգիայի հետ, քանի որ այդ մրցավեճում էր որոշվելու, թե արդյոք Հայաստանը կարող է պայքարել եզրափակչի ուղեգրի համար. «Բելգիայի հետ իրոք շատ լավ խաղացինք: Դժվար էին նաեւ Հունգարիայի հետ խաղի առաջին րոպեները, սակայն արագ գոլ խփելուց հետո ամեն ինչ հաջող ընթացավ»: