Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիփանիկը կոյուղի չունի (տեսանյութ)

Մարզեր
Sipanik

Արարատի մարզի Սիփանիկ գյուղի փոքրիկ բնակիչն օրեր առաջ խեղդվելուց է փրկվել։ Նա ընկել է իրենց տան դիմացի 4 մետրանոց կոյուղու ջրափոսը։ 2 տարեկան Հովհաննեսին հարևանները մի կերպ են փրկել։ Նման դժբախտ պատահարների հավանականությունը Սիփանիկում մեծ է։ Գյուղը չունի ներքին կոյուղու ցանց։ Բնակիչներից յուրաքանչյուրն իր բակում փոս է փորել, որտեղ էլ հավաքվում են կեղտաջրերը։ Սիփանիկցիները կոյուղու բացակայության մասին բազմիցս են բարձրաձայնել: Վիճակն ավելի է սրվում հատկապես ամռան տապին. կեղտափոսերի վրա հավաքվող ճանճերն ու մոծակները հանգիստ չեն տալիս բնակիչներին։ Այս մարդիկ ինքնուրույն ի վիճակի չեն մաքրել կեղտահորերը, իսկ համայնքապետարանից որեւէ աջակցություն չեն ստանում. «Ասում եմ՝ տրակտոր տվեք մաքրենք, չեն տալիս», - պատմում է գյուղի բնակչուհի Գայանե Սարգսյանը։ «Ասել ենք կոյուղի ենք ուզում, ես բերել եմ իմ ուժերով, որ տրուբան փոխեմ, ինձ միլիցիա են տարել», - ավելացնում է Նորիկ Մանուկյանը։ Կոյուղատար համակարգից բացի, Սիփանիկը խմելու եւ ոռոգման ջրի խնդիր ունի։ Բնակիչները թե կենցաղում եւ թե հողը մշակելու համար ստիպված են օգտվել արտեզյան ջրերից։ Գյուղի ջրատար խողովակները այնքան մաշված են, որ ջրից հաճախ ավազ և որդեր են դուրս գալիս։ Թեւ գյուղում ամիսներ առաջ խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ էին մեկնարկել, սակայն մինչ օրս նրանք մաքուր ջրի երես չեն տեսել։ Մանրամասները՝ տեսանյութում