Ֆենոմենալ երաժիշտների համերգը՝ Երեւանում (տեսանյութ)
«Արվեստը պետք է ցնցի, այլապես, այն արվեստ չէ», -ասում էր Մռավինսկին: Համաշխարհային ճանաչում ձեռք բերած այս հայ երիտասարդ երաժիշտների` ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի արվեստը հենց այդպիսին է: Սերգեյ Խաչատրյանը, ով դեռ 15 տարեկանում Սիբելիուսի անվան մրցույթում շահել է առաջին մրցանակը, նվաճել բոլոր հնարավոր դափնիներն ու տիտղոսները, իսկ 2013-ին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի մրցանակը և ճանաչվել «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտը», առիթ ու հրավեր բաց չի թողնում Հայաստան գալու: «Նվագում եմ բոլոր այն հեղինակավոր համերգներում, որ ցանկանում եմ, սակայն իմ հայրենիքում, իմ ժողովրդի համար նվագելը յուրահատուկ զգացողություն է, որն այլ բեմերում հնարավոր չէ ապրել», -ասում է, 8 տարեկանից Գերմանիայում բնակվող երաժիշտը: Իսկ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր ու մրցանակակիր, Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր, «Վաշինգթոն փոսթ» թերթի բնորոշմամբ «ֆենոմենալ թավջութակահար» Նարեկ Հախնազարյանի համար հայրենիք պարաբերաբար այցը ևս պարտադիր է։ Միջազգային համբավ վայելող այս երաժիշտները հունիսի 15-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկատարեն Բրամսի կրկնակի կոնցերտը Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգի մտահղացման գաղափարը Սերգեյ Խաչատրյանինն է։ Երևանյան համերգից հետո նրանց սպասում է Եվրոպան։