Դատարանի մոտ կրակ արձակած երիտասարդը բացատրություն է տվել
Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը, այցելելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել էր Հ. Կյուրեղյանին, ով սույն թվականի հունիսի 12-ին բերման էր ենթարկվել Կենտրոն և Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտից` ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակելու կապակցությամբ, որով իր բողոքն էր արտահայտում: Առանձնազրույցի ընթացքում և համապատասխան գրանցամատյանը ուսումնասիրելու ընթացքում արձանագրվել է, որ Հ. Կյուրեղյանը ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վերաբերյալ Հ. Կյուրեղյանը հրաժարվեց որևէ հայտարարություն անել՝ նշելով, որ ավելի ուշ կանդրադառնա դրանց: Դիտորդական խմբի անդամների այն հարցին, թե ձերբակալվելուց պաշտպան ներգրավվե՞լ է գործին, նա պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչ ձևով պետք է պաշտպան ունենամ և ինչ ձևով պետք է օգտվեմ պաշտպան ունենալու իրավունքից»: Դիտորդական խումբը մանրամասն ներկայացրեց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները և ընթացակարգը: Միաժամանակ Հ. Կյուրեղյանը ցանկացավ Դիտորդական խմբի միջոցով հասարակությանը իրազեկել իր քայլի նպատակը. «Ես իմ բողոքը տվյալ ձևով ներկայացրել եմ,որովհետև կարծում եմ, որ Շանթ Հարությունյանի գործը ընդհանրապես պետք է դատաքննության փուլին չհասներ և Շ. Հարությունյանը պետք է ազատ արձակվեր և միաժամանակ բողոքում են անարդար և կոռումպացված դատական համակարգի դեմ»: Հ. Կյուրեղյանը միաժամանակ նշեց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ գտնվել եմ գիտակից վիճակում և կրակ եմ արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ և ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել, որը ոստիկանության բաժնում փորձում են փաթաթել իմ վզին: Ես արժանապատիվ անձնավորություն եմ և իմ կյանքում ընդհանրապես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել ու չեմ բարձրացնի, դա ներկայիս ոստիկանության աշխատելու և անձին նվաստացնելու մեխանիզմն է»: Ոստիկանության մոնիտորինգի խումբ