ՕԵԿ-ն ուզում է փողոց դուրս գալ (տեսանյութ)
Բլոգեր Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի ելույթը ՀՀ ԱԺ-ում շատ անհաջող էր. «Տհաճ էր տեսնել «Համեր» մեքենան մեր խորհրդարանի աստիճաններին: Իմ կարծիքով՝ նրա այցն ավելի շատ մասնավոր էր, ոչ թե պետական: Խնդիրը այստեղ կազմակերպիչների մեջ է, որ թույլ են տվել նրան այդպես արտահայտվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բլոգերը: Տիգրան Քոչարյանը ռուսական կողմին խորհուրդ է տալիս մարդ ուղարկելուց առաջ մի քիչ հասկանալ՝ ում է ուղարկում. «Բացատրեին մարդուն երկրի ներքին վիճակը»: Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ եթե հայ լրագրողները կամ պաշտոնյաները այցելեին Ռուսաստան, ապա իրենց նման հայտարարություններ թույլ չէին տա: ՕԵԿ ներկայացուցիչ Արթուր Միսակյանի համար նույնպես ընդունելի չէ Կիսելյովի պահվածքը։ Նա հռետորական հարց հնչեցրեց. «Ի՞նչ է նշանակում ԱԺ կին փոխնախագահը իջնի ու դիմավորի Կիսելյովին: Հանդիպման ընթացքում նստած յուրաքանչյուր պաշտոնյա իրեն պահեց ոչ ադեկվատ, որեւէ լրագրող, պաշտոնյա իրավունք չունի գալ մեր երկիր ու հոխորտալ մեզ վրա: Մեր պետական ինստիտուտները պետք է հետեւեն, որպեսզի այսպիսի բան էլ չկրկնվի: Սա միջադեպ էր, որը պետք է դաս լինի պետական ինստիտուտների համար»,-նշեց ՕԵԿ ներկայացուցիչը: Բանախոսներն անդրադարձան նաեւ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած տասներկու կետերից բաղկացած պահանջին: ՕԵԿ ներկայացուցիչ Արթուր Միսակյանը նշեց, որ ՕԵԿ-ի համար ընդունելի են քառյակի ներկայացրած պահանջները. «Նույն շրջանառության հարկի նվազեցման հետ կապված նախագիծ, պարտադիր կուտակայինի հետ եւս ունենք նախագիծ: Մենք հստակ ասում ենք, որ փոքր ու միջին բիզնեսին պետք է փայփայել։ Ինչ վերաբերում է հարյուր տոկոս համամասնական կարգին անցնելուն, մենք քննարկումներ ենք անցկացնում տարբեր ուժերի հետ, այդ հարցերը ներառված են քառյակի պահանջների մեջ»: Ինչ վերաբերում է Կարմիր գծերին, ապա ըստ ՕԵԿ ներկայացուցչի՝ այն գումարները, որոնք գանձվում են մեր վարորդների մեքենաների կայանման համար, պետք է ծառայեն համայնքների խնդիրները լուծելուն: «Մենք կարծում ենք, որ Երեւանում պետք է լինեն այնպիսի ավտոկայանատեղիներ, որտեղ վարորդը կարող է հստակ իմանալ, որ իր մեքենան անվտանգ տեղում է»: Հարցին՝ արդյո՞ք ՕԵԿ-ը դուրս կգա փողոց ու կմիանա «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության բողոքի ակցիաներին՝ կարմիր գծերի եւ տեսախցիկների ահռելի տուգանքների դեմ, պարոն Միսակյանը նշեց, որ անձամբ պատրաստ է միանալ եւ իր հազարավոր ընկերները նույնպես։ «Ա1+»-ի դիտարկմանը, թե կուսակից ընկերները նո՞ւյնպես, Արթուր Միսակյանը պատասխանեց. «Ինչու ոչ: Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի մեր երկրում խնդիրներ լուծելուն: Մենք երբեք ջայլամային քաղաքականություն չենք վարել»: Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի տեսակետը քառյակի ներկայացրած տասներկու պահանջին խիստ բացասական է: Ըստ խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանի՝ մի շարք բացթողումներ կան.«Պետք է ներկայացնեին գազի սակագնի հետ կապված կետ, չկա Մարտի մեկի հետ կապված որեւիցե հիշատակում»: