Աֆրիկյանների տան համար ոստիկանապետն է՞լ է ճնշում գործադրում
Աֆրիկյանների տան պահպանման համար պայքարող ակտիվիստներն այսօր ոստիկանությունում էին՝ սեփական նախաձեռնությամբ։ Նրանք պահանջում էին հետ վերադարձնել հունիսի 9-ի բողոքի ակցիայի ժամանակ իրենց բերման ենթարկելու արդյունքում առգրավված իրերը։ «Վարորդական իրավունքի վկայական, բանկի քարտեր, փող, հեռախոս»,- թվարկում է Սիփան Փաշինյանը։ Իսկ Վահագն Մինասյանն էլ ավելացնում է, որ սա հանցավոր ռեժիմի հերթական ճնշման գործիքն է. «Որովհետեւ գումարը, վարորդական իրավունքի վկայականը, որեւէ նշանակություն չէր կարող ունենալ գործի համար։ Ոստիկանությունը, ի դեմս Վովա Գասպարյանի, եւս մեկ անգամ փորձում է ճնշում գործադրել այն քաղաքացիների վրա, ովքեր ամենուրեք փորձում են նվաճել իրենց իրավունքը»։ Փոխարենը Սիփան Փաշինյանը պնդում է, որ այդ օրը ընդհանրապես չի մասնակցել Աֆրիկյանների տան մոտ կազմակերպված բողոքի ակցիային. «Իմանալով, որ իմ ընկերները ոստիկանության բաժանմունքում են, եկել եմ այստեղ եւ ավտոմեքենայից իջնելուց առնվազն երեք րոպե հետո ինձ բերման են ենթարկել»,-պատմում է նա։ Իսկ բաժնում արդեն ոստիկաններից է փորձել ճշտել, թե ինչ է տեղի ունեցել Աֆրիկյանների տան մոտ։ «Բարձրաստիճան պաշտոնյա ասեց, որ ձեր ընկերները շենքն էին ուզում քանդել։ Երկար վիճելուց հետո, որ իմ ընկերները ոչ թե շենքն էին քանդում, այլ պաշտպանում են շենքը քանդելուց, հաստատեց, որ ոչ թե շենքն էին քանդել, այլ թիթեղներն էին փորձել քանդել»,-ավելացրեց Սիփան Փաշինյանը։ Աֆրիկյանների շենքը կառավարությունը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ։ Շենքը ձեռք բերած կազմակերպությունը պատրաստվում է ապամոնտաժել այն՝ տեղում էլիտար շենք կառուցելու համար։ Քաղաքացիական ակտիվիստները հունիսի 9-ի իրենց ակցիայում ընդամենը փորձել են ապամոնտաժել շինարարական թիթեղները՝ Երեւանի պատմամշակութային արժեքներից մեկը՝ Աֆրիկյանների տունը փրկելու համար։ Արդյունքում 11 քաղաքացի բերման էր ենթարկվել։ Քրեական գործ է հարուցվել ՝ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կամ փչացնելու մեղադրանքով։ «Մենք նոր բարձրացանք եւ իմացանք, որ մեզ որեւէ կարգավիճակ չեն տվել։ Չեմ կարծում, որ ոստիկանությունը պետք է որոշում կայացնի քրեական գործ հարուցել կամ չհարուցելու համար, այդ որոշումը նրանց կթելադրեն եւ նրանք դրանով կշարժվեն, ինչպես նախկինում է եղել»,-նշում է Վահագն Գեւորգյանը։ Այսօր ոստիկանությունում երիտասարդներին հայտնել էին, որ չեն կարող ասել, թե երբ կվերադարձնեն նրանց իրերը, սակայն րոպեներ անց իրերը հանձնեցին տերերին, առանց որեւէ բացատրության։