Վերաքննիչն ազատ արձակեց տղաներին
Երևանի քրեական գործերով վերաքննիչ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիկի դպրոցի աշակերտներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանը, Արկադի Ռուբեկի Պողոսյանը և Աբրահամ Վանիկի Շահինյանը: Անցած տարի սեպտեմբերին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչի և 12-րդ դասարանացիներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Արկադի Ռուբեկի Պողոսյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով աշակերտների մեղադրանք էր առաջադրվել, իսկ մայիսի 13-ին դատարանը նրանց մեղավոր ճանաչեց՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար և դատապարտեց Մեսրոպին 1 տարվա, մյուսներին՝ 6 ամսվա ազատազրկման: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին նախքան կառավարության նիստի սկսվելը նրանց հետ կարճատև զրուցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ նիստից հետո բնակիչներից մի քանիսը հանդիպում են ունեցել Աբրահամյանի ու ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: «Դատական պրոցես է, գործադիր իշխանությունն իրավունք չունի միջամտել, ուղղակի մենք ուզում ենք հասկանանք որոշ հարցերում օրինականության խնդիրը: Որոշակի ուսումնասիրման աշխատանքի կարիք կա»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել էր նախարարը: Հարցին՝ դատական գործընթացն արդա՞ր է եղել, Մանուկյանը պատասխանել էր. «Ես հիմա նման անլուրջ հայտարարություններ չեմ անելու, որպեսզի մեկ կողմին լսելով ընդամենը ասեմ՝ դա արդա՞ր է, ազնի՞վ է, թե՞ օրինական: Միակ հնարավոր լուծումը օրինական պետք է լինի»: Այդ մասին հայտնում է ԱՆ մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը: