Դպրոցներում չեն վերցնում դիմումները՝ պարտադիրից հրաժարվելու համար (տեսանյութ)
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այս պահի իր լռությունը արդյունավետ կօգտագործի. առաջիկայում ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի միջոցով կներկայացնի նոր առաջարկ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար։ Այն չընդունվելու դեպքում նախաձեռնությունը խոստանում է. «Եթե լինի պարտադիր բաղադրիչ, եթե հարկային բեռ ավելանա գործատուի վրա, ապա պետք է նորից դուրս գալ փողոց»,- ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանը։ Թեև 1 ամիս առաջ կառավարությունն օրենքում փոփոխություն մտցրեց, որ դիմումների դեպքում քաղաքացիներին ազատում է պարտադիր վճարումներից, միևնույն է, «Դեմ եմ» -ը շարունակում է բողոքի նամակներ ստանալ. «Բազմաթիվ ուսուցիչներ կամ գրում են անձնական նամակներ կամ մեր էլեկտրոնային հասցեին, և տեղեկացնում են, որ կոնկրետ դպրոցներում տնօրենները չեն ընդունում դիմումներ կամ չեն տալիս ստացականներ »,- շարունակեց Արսեն Մանուկյանը Բողոքի հետքերը տարան Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոց: Այստեղ 1974 թվականին եւ դրանից հետո ծնված 25 մանկավարժները հերքեցին, թե տնօրինությունը հրաժարվել է ընդունել իրենց բողոքները. «Անգամ մենք չենք դիմել այդ դիմումների համար, տնօրինությունն է ուղարկել, և մենք լրացրել ենք՝ ընդունել են»,- մեզ հետ զրույցում ասաց 27 դպրոցի դասվար Հասմիկ Սողոմոնյանը։ Նրա խոսքը շարունակեց նույն դպրոցի սոցմանկավարժ Մարինե Խաչատրյանը. «Այս ամիս աշխատավարձը ստացել ենք առանց պահումների»։ Մինչ օրենքի կասեցումը, թիվ 27 դպրոցի դասվար Գայանե Դաշտոյանը ընտրել էր ֆոնդ և կառավարիչ։ Իր խոսքով՝ ինչքան հնարավոր է՝ քիչ տուժելու համար, սակայն դիմումը գրելուց հետո նրանից եւս պահումներ չեն արվել. «Ես հիմա ապրում եմ, և թեկուզ այդ 5000 դրամի կարիքը հիմա ավելի շատ ունեմ, տարիներ հետո չգիտեմ՝ այդ գումարն ինչքան կօգնի ինձ»,- ընդգծեց Գայանե Դաշտոյանը։ Թեև այս դպրոցում վստահեցնում են, որ կենսաթոշակային պահումների հետ կապված որեւէ խնդիր չունեն, սակայն, «Դեմ եմ» նախաձեռնության անդամ ուսուցիչները շարունակում են պնդել. «Դպրոցներ, որ դիմումներն ընդունել են և վերադարձրել են, չափազանց քիչ է, այսինքն՝ չի գերազանցում 30 –ը, իսկ Շիրակի մարզում, երբ հարցրել եմ՝ բոլոր դպրոցներին, ոչ մեկը դիմում չի ներկայացրել, կամ ով էլ փորձել է, ուղղակի իրենց ասվել է, որ աշխատանքի հաշվին է»,- մեզ հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը