«Մեծ քաղաքում կարող են լինել նաեւ մեծ կորուստներ» (տեսանյութ)
Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն այսօր, պատասխանելով «Ա1+»-ի հարցերին, անդրադարձել է մայրաքաղաքի ճարտարապետական տեսքին: Պարոն Բարսեղյանը քիչ է հարցազրույցներ տալիս, եւ նրա կարծիքը Երեւանում այս պահին ընթացող ճարտարապետական փոփոխությունների ենթատեքստում խիստ կարեւոր էր: Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը Հյուսիսային պողոտայում կամ մյուս նորակառույցների դեպքում շտկումների խնդիր չի տեսնում. «Ամեն մի օբյեկտ կրում է իր վրա դաջվածք: Ամեն մի երեւույթ յուրովի մոտեցում է պահանջում: Այո, մենք որոշակի կորուստներ ունեցել ենք այս տարիների ընթացքում, գաղտնիք չէ: Դա մեր անփորձության, դա մեր ոչ պատրաստ լինելու հասարակությունից սկսած մինչեւ կառավարող այրերը, մասնագետները, մենք նույնպես անցանք ցնցումային փուլ»: Պարոն Բարսեղյանը ցավում է, որ Երեւանն իր ճարտարապետական տեսքի առումով այսօր կորուստներ ունի, սակայն միաժամանակ կարծում է, որ դրան հաջորդում է ինքնագիտակցության բարձրացումը. «Իհարկե, մեծ քաղաքում կարող են լինել նաեւ մեծ կորուստներ, ես ինձ իրավունք չեմ տա`մատնանշելու այս կամ այն հասցեն, բայց որ դրանք եղել են ու մենք պետք է վերստին անդրադարձ կատարենք մեր արդարացման համար չասեմ, մեր զարգացման առումով, դա միանշանակ այդպիսինն է»։ Նա նորմալ է համարում, որ նոր սերունդը ճարտարապետական նոր մոտեցումներ է փորձում առաջ քաշել: Երեւանի գլխավոր ճարտարապետը նաեւ որպես մանկավարժ փորձեց հարցին մասնագիտական մոտեցում ցուցաբերել. «Լինում են բանավեճեր հայրերի ու որդիների միջեւ, ընտանիքից սկսած, դա տեղափոխում մասնագիտական դաշտ, հոգեւոր հայրերի հետ են սկսում վիճել ու դա տալիս է նոր որակը: Նույն հումորը, 20 տարվա առաջվա հումորը այժմյան հումորից խիստ տարբերվում է»: Իսկ ինչո՞ւ չպահպանվեց հին Երեւանը: Պարոն Բարսեղյանն ինքնատիպ մոտեցում ունի. «Եթե մենք Երեւանը համեմատում ենք Թբիլիսիի հետ, Ֆլորենցիայի հետ, Պետերբուրգի հետ, դրանք տարբեր երեւույթներ են պատմական առումով: Մենք շատ խորն ենք, բայց մենք ունեցել ենք մեծ վակուումներ, պետականության անկում, դա նշանակում է տնտեսության եւ քաղաքականության վերացում»: Նա համոզված է` Երեւանի այսօրվա տեսքի համար պատասխանատու են տնտեսության մեջ, իր խոսքերով, եղանակ ստեղծողները. «Նրանց ուժերը ճիշտ ուղղել` մայրաքաղաքի գեղեցիկ, ճիշտ միջավայր ունենալ, որ տեղն եկած տեղը ամոթի, ափսոսանքի զգացում չունենանք: Հիմա դա համախառն արդյունքի նման է ընկալվում` եւ լավը կա, եւ ոչ ցանկալին կա, բոլորի տերն էլ մենք ենք»: