Նրան Քենեդին է ընդունել (տեսանյութ)
Եթե կարողանայինք Բաշմետին հրավիրել, միգուցե այդքան ուրախ չլինեի, որքան այն մտքից, որ այս փառատոնին ներգրավում ենք Հայաստանի և Արցախի շնորհալի պատանիների ու երիտասարդների: Արդեն հինգերորդ անգամ անցկացվող Հենրիկ և Գերոնտի Թալալյան եղբայրների անունը կրող ալտի և թավջութակի ամենամյա միջազգային փառատոնը այս տարի կանցկացվի հունիսի 4-ից հուլիսի 8-ը. նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին, նաև նպաստել հայկական ժամանակակից երաժշտության քարոզչությանը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայ և արտասահմանցի երաժիշտների միջև: Ի դեպ, արտասահմանցի երաժիշտները փառատոնին մասնակցում են սեփական նախաձեռնությամբ և բարի կամքի դրսևորմամբ, քանի որ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանի խոսքով, փառատոնը այսպիսի ֆինանսական հնարավորություններ առայժմ չունի: Փառատոնը կբացվի «Հայ-շվեյցարական կամերային երաժշտության» համերգով, կեզրափակեն «Վիեննական դասականներ»-ով: Նախատեսված են նաև համերգներ՝ նվիրված Արմեն Սմբատյանի ծննդյան 60-ամյա և Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյա հոբելյաններին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին և Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ստեղծման 15-ամյակին: Առաջին անգամ փառատոնը կհամագործակցի պետական երիտասարդական նվագախմբի հետ: