Լեհական կինոյի նահապետի ֆիլմերը՝ Երեւանում
Լեհական կինոյի նահապետի՝ Անջեյ Վայդայի ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանում՝ Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ։ «Մոսկվա» կինոթատրոնում հունիսի 4-9-ը հայ հանդիսատեսը կդիտի 88-ամյա աշխարհահռչակ ռեժիսորի 6 ֆիլմ։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։ Միջոցառման մեկնարկը կտրվի «Վալենսա՝ հույսի մարդը» ֆիլմով։ «Առաջինը լինելու է ռեժիսորի վերջին ֆիլմը՝ անգլերեն ենթագրերով, որին հետեւելու է «Երկաթե մարդը», այնուհետեւ՝ «Մարմարե մարդը»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ բոլոր ֆիլմերի ցուցադրությունների մուտքն անվճար է։ Կինոգետ Զավեն Բոյաջյանն էլ ավելի մանրամասն ներկայացրեց լեհ կինոռեժիսորի ստեղծագործական կենսագրությունը։ «Նա ավելի քան 50 ֆիլմ ունի նկարահանած, որոնց մեջ խաղարկայինները 40-ից ավել են։ Նա օսկարակիր է, ստացել է նաեւ բոլոր հայտնի մրցանակները»։ Կինոգետի տեղեկացմամբ՝ պատերազմական դրամաներից զատ, հայ հանդիսատեսը կծանոթանա նաեւ Վայդայի սոցիալական թեմաներով նկարահանված ֆիլմերին։ «Ներկայիս երիտասարդներին Անաստաս Միկոյանի անունը որևէ բան չի ասում, սակայն նախորդ սերնդի համար այն ստալինյան ֆունկցիոներներից մեկն է»,- անդրադառնալով Երեւանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը՝ նշեց դեսպանը։ «Նրա բնութագիրը այնպիսին է, ինչպիսին մենք տեսնում ենք Ստալինին, Բերիային և մյուսներին: Նա ոչնչով չի տարբերվում»,-ասաց դեսպանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ով է Միկոյանը լեհ ժողովրդի համար և ինչ պատկերացումներ ունեն նրա մասին. «Եթե չեմ սխալվում, Միկոյանը բացասական առումով է ընկալվել թե՛ հայկական, թե՛ լեհական պատմության մեջ»։ Պարոն Ռաչինսկին հավելեց նաեւ, որ Երևանի բնակիչների խնդիրն է, թե ում արձանը կանգնեցնել քաղաքում: