Ալիմենտով ապրող երեխաների թիվն ավելանում է
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում մայիսի 31-ին կազմակերպվեց արդեն ավանդույթ դարձած միջոցառում: Վերջինին մասնակցեցին 3-12 տարեկան 200 երեխա, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է ծառայությունը: Երեխաների համար կազմակերպած տոնական շոու ծրագիրը` ծաղրածուի և հեքիաթների հերոսների մասնակցությամբ, փոքրիկների օրը վերածեց իրական տոնի՝ հնարավորություն տալով նաև իրենց նկարազարդումներով զարդարել ԴԱՀԿ ծառայության շենքի բակը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խոսքով՝ փոքրիկները ԴԱՀԿ ծառայության ամենանուրբ կետերից են, որոնց հետ աշխատելու համար հարկադիր կատարողն առաջին հերթին պետք է նաև լավ հոգեբան լինի: «Այդ իսկ պատճառով մենք մեր նոր աշխատակիցների ուշադրությունը սևեռում ենք հատկապես այդ հարցի վրա: Մենք այսօր գործ ունենք ավելի քան 2500 երեխաների հետ: Ցավոք, վերջին տարիներին այս թիվն ավելանում է»,- հավելեց Միհրան Պողոսյանը: