«Հայաստանը արտաքին քաղաքականությունում գերի է» (տեսանյութ)
Աստանայում Նազարբաևի արած հայտարարությունը հստակ քաղաքական դիրքորոշում էր, որը նա արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն։ Այսօր Ա1+-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Ըստ նրա՝ հայտարարությունը անակնկալ չէր անգամ Սերժ Սարգսյանի համար. «Մենք արտաքին քաղաքականությունում գերի ենք՝ Ղարաբաղի հարցով։ Ալիեւի նամակը հաստատ վաղուց էր պատրաստված՝ սեպտեմբերի 3-ից ու չեմ կարծում, որ նրա համար անակնկալ եղավ։» Հայաստանն այսօր պռոռուսական կողմնորոշում ունի, ասում է քաղաքագետը ու հավելում, որ սա հստակ ակնարկ էր, թե Ռուսաստանի ու Ղազախստանի նման «գիգանտների» կողքին Հայաստանը ոչինչ չի կարող անել։ «Հայաստանը, մինչեւ ամսի 15-ը, ինչ-որ բան կստորագրի, բայց դա ոչ մի կարեւոր բան չի լինի։ Նրանց հիմնական խնդիրն էր Հայաստանին հանել արեւելյան գործընկերությունից ու դրան հասան»,- վստահ է Աղասի Ենոքյանը։ Քաղաքագետը նաեւ վստահություն հայտնեց, որ Հայաստանում ով էլ դառնա նախագահ. լինի դա ՀԱԿ-ից, Դաշնակցությունից, , թե Բարգավաճ Հայաստանից, միեւնույնն է՝ նույն դիրքորոշումն է ունենալու Ռուսաստանի նկատմամբ. «մեկ է. նա ասելու է Ռուսաստանը, հիմա նաեւ Ղազախստանը մեր մեծ եղբայրն է ու մենք լսելու ենք նրանց»։