Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարերարի հետ քննարկվել են բժշկական օգնության հարցեր

Պաշտոնական
AN

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեց առողջապահության ոլորտին վերաբերող, մասնավորապես Հայաստանին տրամադրվող բժշկական օգնության որակի ապահովման հարցը: Նախարարը բարձր գնահատեց և շնորհակալություն հայտնեց բարերարին երկարամյա հայրենանպաստ գործունեության համար: Անդրադառնալով Հայաստանի բնակչությանն անվճար դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու գործում Հարութ Սասունյանի մեծ ներդրմանը` Արմեն Մուրադյանը նշեց, որ ներկրվող սարքավորումների հարցում առաջին հերթին պետք է կարևորվի որակը և պիտանիության ժամկետը: «Յուրաքանչյուր բժշկական կենտրոնի ղեկավար այս կամ այն բժշկական սարքավորման անհրաժեշտության մասին խոսելիս պետք է հիմնավորի, թե ինչու է ցանկանում ձեռք բերել այն, զարգացման ինչ հստակ ծրագրեր է ապահովում այդ սարքավորումը»,- ընդգծեց Մուրադյանը: Նրա գնահատմամբ` սարքավորումներով բժշկական հաստատությունների համալրումը պետք է ինքնանպատակ չլինի, քանի որ այդ դեպքում արդյունավետ չեն օգտագործվում ծախսված ժամանակը, ֆինանսական միջոցները, ինչպես նաև մարդկանց վստահությունը: Առողջապահության նախարարը կարևորեց նաև բնակչությանը տրամադրվող դեղերի սպառման մեխանիզմների և ժամկետների քննությունը, հաշվի առնելով, որ ոչ միայն Երևանի, այլև մարզային շատ բուժհաստատություններ ապահովված են նորագույն սարքավորումներով: Հարութ Սասունյանը նշեց, որ շուրջ 25 տարի աշխատում է տարբեր պետական կառույցների հետ, սակայն ամենասերտ համագործակցությունն առողջապահության նախարարության հետ է: «Կարևոր է, որ հայկական կողմն էլ որոշի, թե որ գործիքներն են պիտանի, որոնք ոչ, որպեսզի վատնված ճիգերը և միջոցները ծառայեն իրենց նպատակին: Ավելի լավ է 1000 սարքավորումից կամ դեղերից ընտրվեն 500-ը, 1-ը կամ առհասարակ չընտրվեն, քան ընտրվի որևէ բան, որը պիտանի չէ»,- ասաց Հարութ Սասունյանը: Արմեն Մուրադյանն առաջարկեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահին ստեղծել միասնական հանձնաժողով, որը կկարողանա իրականացնել ներկրվող սարքավորումների և դեղերի գնահատում ոչ միայն ֆինանսական, այլև պիտանիության ժամկետի, վերաբաշխման տեսանկյունից: Առողջապահության նախարարի գործնական առաջարկը ողջունեց Հարութ Սասունյանը: Հանձնաժողովի կազմում կներգրավվեն նաև նրա կողմից առաջարկված ներկայացուցիչներ: Նշենք, որ նախօրեին, ուշ երեկոյան Արմեն Մուրադյանը Հարութ Սասունյանի հետ այցելել էր հումանիտար բազա` ծանոթանալու արդեն մաքսազերծված սարքավորումներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ համագործակցության հնարավորությունները իմունականխարգելման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Առողջապահության նախարարություն