Տիգրան Մանսուրյանին հաջողվել է միաձուլել հայկականը, դասականն ու ավանգարդը (տեսանյութ)
Նրան համարում են անցյալ դարի 70-ականների հայկական կինոերաժշտության ֆենոմեն: Նա հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային, վոկալ գործերի, որոնք կատարվել ու կատարվում են աշխարհի լավագույն համերգասրահներում: Նա, թերևս, աշխարհում այսօր ամենաճանաչված և մեծ գնահատանք վայելող հայ կոմպոզիտորն է, ում հաջողվել է միաձուլել հայկականը, դասականն ու ավանգարդը: Տիգրան Մանսուրյանն այս տարի դարձավ 75 տարեկան: Համաշխարհային մեծության հայ կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների շարքում վաղը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա համերգ՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Կհնչեն Մանսուրյանի` տարբեր տարիներին գրած ստեղծագործությունները, նաև «Զուգահեռ երգեր» երգաշարի նոր տարբերակի պրեմիերան: Վոկալին և դաշնամուրին կմիանան լարայինները: Երգաշարը ներառում է Պաղտասար Դպիրի , Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի երկուական բանաստեղծություն: Մանսուրյանի հոբելյանական հեղինակային երեկոների շարքը, որ սկսվել է հունվարին Լոս Անջելեսում, կավարտվի Մոսկվայում`սեպտեմբերին: