ԼՂՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը։ Գործադիր մարմինը նիստում հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, մասնավորապես, դատական համակարգի վերաբերյալ: Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում ԼՂՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերում: «ԼՂՀ դատական օրենսգրքում» և «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումների նախագծերի փաթեթով, մի շարք նոր դրույթների հետ, առաջարկվում է ներդնել դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման և վերապատրաստման համակարգ, կատարելագործել դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկելու համար որակավորման ստուգման կարգը, դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման քննությունների համար սահմանել պետական տուրք՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով: «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկություն է ներկայացվել` պայմանավորված նշյալ օրենքի դրույթները «Հանրային ծառայության մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքների դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Կառավարության քննարկմանն է ներկայացվել նաև «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է հստակեցնել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև ամրագրել ԼՂՀ-ում հաշվառված և Հայաստանի Հանրապետության ուժային մարմիններում ծառայած անձանց՝ ԼՂՀ զինվորական կենսաթոշակ նշանակելու իրավունքը: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ «Բուսասանիտարիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» և «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկությամբ: Դրանք պայմանավորված են սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծման անհրաժեշտությամբ. նախատեսվում է սննդամթերքի անվտանգության ծառայությանը վերապահել բնագավառի պետական վերահսկողությանն առնչվող գործառույթները: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը: Գործադիրը հաստատել է ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը. որոշումը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից, համաձայն որի՝ համապատասխան աշխատողների աշխատավարձերին կգումարվեն հավելումներ: Կառավարության նախկին որոշումներում արված փոփոխությամբ և լրացմամբ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով կգործի աշխատանքի և զբաղվածության գործակալությունը, ինչպես և ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով՝ տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը: Տնային պայմաններում միայնակ տարեցներին և հաշմանդամ քաղաքացիներին կցուցաբերվի սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնություն և կկազմակերպվի կենցաղային սպասարկում: Որոշում է կայացվել հաշմանդամներին անընդմեջ լիարժեք առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման մասին: Ներկայումս հաշմանդամներին առողջարանային բուժման ուղեգրերը հատկացվում են երեք տարին մեկ անգամ, ինչը ամբողջապես չի նպաստում նրանց առողջության վերականգնմանը: Նոր որոշմամբ` աղեստամոքսային խանգարումներ, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող հաշմանդամներին յուրաքանչյուր տարի, սակայն ոչ ավելի, քան երեք տարի անընդմեջ, կհատկացվի առողջարանային մեկ ուղեգիր: Նիստում գործադիրի հավանությանն են արժանացել ԼՂՀ Ասկերանի շրջանի Խրամորթի, Մարտունու շրջանի Վերին ենթաշրջանի, Հադրութի շրջանի Ուխտաձորի և Տողի ենթաշրջանների գյուղատնտեսության զարգացման 2014 թվականի ծրագրերը, ներկայացվել են դրանցից բխող միջոցառումները: Երեք շրջանում 4 ենթաշրջանային ծրագրի համար պետբյուջեով նախատեսվում է մոտ 200մլն դրամ գումար: Ծրագրերով ենթաշրջանների համայնքներում կստեղծվեն հիմնական միջոցներ: Առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման արդյունքում ակնկալվում է բնակչության կենսապայմանների աստիճանական բարելավում: Ծրագրերի իրագործման շնորհիվ կմեղմվի բնակչության արտահոսքը: Վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է հաշվետվություններ ներկայացնել կառավարություն` կատարված աշխատանքների վերաբերյալ: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին