Երևան-Բաթումի գնացքի տոմսերն արդեն վաճառքում են
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին: Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին: Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.ukzhd.am: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 50 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 40 րոպե: Անցած տարվա հետ համեմատ ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել: Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ: Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով, 2008 թվականի հետ համեմատ 2013 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը աճել է 532%-ով՝ 8,6 հազարից մինչև 46 հազար: Հիշեցնենք, որ ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: ՀԿԵ