Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետին խնդրում են կանխել աղետալի հետևանքներով հղի շինարարությունը

Հասարակություն
e6786133b096e267330c723ef12f01cd

Բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Մեծարգո վարչապետ Ձեզ ենք դիմում Երևանի Կոմիտաս 5ա շենքի ` շուրջ չորս տարի պետական զանազան բարձր պաշտոններ զբաղեցրած և զբաղեցնող այրերի առանձնասենյակների դռները ծեծող հուսախաբ բնակիչները: Լսելով Ձեր ելույթները ժողովրդի հետ հանդիպումներում ՝ԱԺ –ում , ՀՀԿ համագումարում, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չեք թողնելու , հույս ծագեց , թե Ձեր միջամտությամբ ի վերջո կլուծվի մեր խնդիրը: Տեղեկացնում ենք, որ 2011թ. –ից մինչև օրս մեր հոգսերն ու իրական անելիքը թողած դատական (այժմ էլ 4 հայցերով վարչական ու քաղաքացիական դատարանների դռներն ենք դեռ չափչփում) ու վարչական ատյաններում պայքարում ենք (ինչի մասին քաջատեղյակ է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ) ԿՈՄԻՏԱՍ 5 հասցեի ապօրինի շինարարության դեմ: Սակայն ոստիկանության բռնություններով և սեփական ժողովրդից կառուցապատողին «պաշտպանելու», մեր ոստիկանների տխրահռչակ գործողություններով սկսված այդ շինարարությունն իրականացվում է առանց այն էլ ՀՀ գործող շինարարական, տեխնիկական ու այլ նորմերի կոպիտ խախտումներով կազմված ու 01.11.2013 թ-ին հաստատված 01/18-2-45526-0004 նախագծի ցուցանիշերի, մասնավորապես սահմանված չափերի խախտմամբ: Կառուցապատողը բոլոր կողմերից ընդլայնել է շենքը` խախտելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և մի շարք այլ պատկան մարմինների պահանջներն ու նախագծով սահմանված հեռավորությունները և մեր շենքը բոլոր կողմերից զրկել շտապ օգնության, հակահրդեհային անվտանգության և էվակուացիոն ճանապարհներից, նաև կանաչ տարածքից` ապօրինի կտրելով շուրջ 2 տասնյակ ծառեր: Ցավալի է, բայց փաստ, որ անգամ դատարկվող Հայաստանի պարագայում, ինչպես Դուք նշեցիք ԱԺ-ում, «էլ ինչ երկիր՝ առանց ժողովրդի»: Մեր երկրի որոշ ղեկավարներ գերակա են համարում նորանոր եկամուտների մարմաջով տարված և ոչ միայն Հայաստանում, այլ ուրիշ երկրներում առանձնատներ ու բնակարաններ ունեցող մի ներդրողի շահը` արհամարհելով շուրջ 150 բնակարանի բնակիչների օրինական իրավունքները: Հարգարժան վարչապետ, խնդրում ենք Ձեր համապատասխան միջամտությունը կանխելու ԿՈՄԻՏԱՍ 5 հասցեում իրականացվող ապօրինի և հրդեհի ու այլ արտակարգ իրավիճակների պայմաններում աղետալի հետևանքներով հղի շինարարությունը: Հուսով ենք, որ այս անգամ մենք խաբված չենք մնա և փոշմանած չենք նստի ու մտածի, թե ավելի լավ էր հույսներս կտրած հաշտվեինք մեր վիճակի հետ, և շենքն ըստ առաջին նախագծի վեր բարձրանար` զրկելով մեզ արևի լույսից, քան թե մնանք անօգնական արտակարգ իրավիճակների դեպքում: Կոմիտաս 5ա շենքի մի խումբ բնակիչներից