Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Տղաները պիտի հասկանան՝ բանակն ինչ է»

Հասարակություն
ea440d034ac752b5867cf080c01e13a4

ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 30 ուսանողներ այս օրերին մասնակցում են դասընթացների, որոնց ընթացքում ռազմական փորձագետներն ու քաղաքագետները նրանց հմտություններ են փոխանցում բանակային հարաբերությունների, զինծառայության, սպայի, զինվորի լիազորությունների և պարտականությունների մասին: Անցկացվում է «ՀՀ զինված ուժերը՝ որպես երկրի անվտանգության հիմնական երաշխավորը» ծրագիրը, որն իրականացնում է «Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն՝  ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է բանակ-հասարակություն կապի ամրապնդման միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածության և վստահության մակարդակը հայոց ազգային բանակի նկատմամբ: Երիտասարդներն արդեն դասախոսություններ են լսել « Հայաստան-Ադրբեջան ռազմական հարաբերակցման խնդիրը ԼՂ սահմանային գոտում», « ՀՀ ազգային շահերի հիմնահարցը և հայեցակարգերը» թեմաներով: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, «ՀՀ զինված ուժերը» թեմայով դասընթաց կարդալով երիտասարդներին, նշեց. «Այսօրվա բանակը երեք կամ տասը տարի առաջվա բանակը չէ: Առաջընթացը մեծ է: Բայց մեր նպատակն է ավելի մեծ ուշադրություն դարձնել կրթական համակարգին:Այսօր մեր գերխնդիրը արժեհամակարգի և դաստիարակության հարցն է»: Խոսելով ՀՀ կրթական համակարգում գոյություն ունեցող խնդիրների մասին՝ Ալեն Ղևոնդյանը նշեց, թե ՀՀ հանրակրթական դպրոցներում ռազմագիտության դասընթացները հիմնականում երիտասարդներին տեսական գիտելիքներ են փոխանցում: Այնուհետև մտահոգություն հայտնեց այն առումով, որ բուհերում այլևս չեն գործում ռազմական ամբիոնները: Հետո նկատեց. «ԿԳՆ-ն այս տարվանից օրենսդրական փոփոխություններ է կատարել իր օրենսդրական ակտերում, որի արդյուքնում բուհ ընդունվող բոլորը երիտասարդները զինապարտ են դառնում, սա կարևոր և անհրաժեշտ փոփոխություն է: Սակայն հարկ է նշել, որ ապագա զինվորը պիտի գիտակցի և հասկանա՝ իրեն ինչ է սպասվում պարտադիր զինծառայության մեջ, ու պատրաստ լինի դրան: Տղաները պիտի հասկանան՝ բանակն ինչ է, զենքն ինչ է, հայրենիքի պաշտպանությունը ինչ է»: Տեսական 10 դասընթացներին կհաջորդեն գործնական պարապմունքները: Ուսանողները շուրջ հինգ օր կանցկացնեն ԼՂ զորամասերից մեկում, գործնականում կծանոթանան զորմասի առօրյային, կանցնեն կրակային պատրաստվածության, կանոնադրական հարաբերությունների մասին դասընթացներ, կծանոթանան զինտեխնիկայի հետ:       Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն