Open news feed Close news feed
A A
Video Official

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ (video)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են IU Networks ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Խաչատուր Նազարյանը, «Մենթոր Սիմենս Բիզնես» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը, SFL ընկերության համահիմնադիր Վասիլ Մամիկոնյանը:

Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը և հետևանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները և ապագայի հնարավոր դժվարություններն, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները:

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխված աշխարհի հետևանք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել 21-րդ դարի մարտահրավերներին և ռիսկերին: «Աշխարհը փոխվել է և շարունակելու է փոխվել շատ արագ տեմպերով: Եթե մենք կարողանանք դրան համահունչ կամ ներդաշնակ գնալ, ապա հաղթող կլինենք, իսկ եթե ոչ՝ կդառնանք սպառող,-ասել է նախագահը:- Դուք այն ոլորտից եք, որը, թվում է, թե այսօր այդքան շատ չի տուժել: Սակայն ապագայում դժվարություններ են լինելու, որովհետև համաշխարհային տնտեսության վերակառուցում է լինելու: Ուստի այսօրվանից պետք է մտածել վաղվա խնդիրների մասին»:

Նախագահը մեր երկրի մրցունակության տեսանկյունից կարևոր է համարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների զարգացումը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM նախաձեռնությանը, որի շրջանակում այսօր աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ արդեն նախնական պայմանավորվածություններ կան: «Գաղափարը հետևյալն է՝ ունենալ 10-15 մեծ ընկերություններ, որոնք այստեղ կզբաղվեն առաջադեմ գործերով՝ առողջապահության, մշակույթի ոլորտում և այլն։ Օրինակ, IBM-ի հետ երեք ծրագիր ենք ուզում իրականացնել մշակույթի ոլորտում,-ասել է նախագահը:- Ուզում ենք, որ արհեստական բանականության նրանց ամենավերջին պլատֆորմը զարգացվի այստեղ։ Եթե Հայաստանում 500 հոգի աշխատի լավագույն ընկերությունների հետ, որոնք հետագայում ընդլայնվեն, ապա դա փոքր ներդրում կլինի, կդառնա այն լոկոմոտիվը, որով ես կօգնեմ այս գործին»։

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց նաև, որ էլեկտրոնային կառավարման գործիքները՝ էլեկտրոնային կրթությունը, էլեկտրոնային առողջապահությունը և այլն, այսօր ուղղակի անհրաժեշտություն են: Նույն եզրահանգումներն էին արված նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD)՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, որը պատրաստվել էր անցյալ տարի, հենց նախագահ Սարգսյանի առաջարկով: «Նախագահական ինստիտուտն ու UNCTAD-ը համատեղ հավելում արեցին այդ զեկույցում՝ համավարակի հետ կապված: Առանձնացվեցին այն կետերը, որոնք կարևոր ու անհրաժեշտ են: Առաջարկներից մեկը կապված է էլեկտրոնային կառավարման հետ, ինչպես նշեցի՝ էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային բիզնես: Մյուս կարևոր ոլորտը պարենի անվտանգությունն է: Եթե շատերը մտածում են, որ այսօր կա առողջապահական խնդիր, իսկ վաղը կլինի տնտեսական, ապա հետո լինելու է պարենի անվտանգության խնդիր ամբողջ աշխարհում,-նշել է նախագահը:- Մյուս կարևոր առաջարկն այն էր, որ Հայաստանին անհրաժեշտ է առանձին ինստիտուտ, որը պետք է զբաղվի ներդրումներ ներգրավելով, երկիրը ներկայացնելով, երկրի բրենդինգով: Առաջարկությունը հետևյալն է՝ ստեղծել Արագ արձագանքման աշխատանքային խումբ: Այն պետք է արագ լինի, որովհետև այսօր աշխարհը նորից վերաձևափոխվում է: Հետևաբար, եթե մի բան պետք է անենք, ապա պետք է անենք այսօր: Աշխարհը փոխվելու է, և ամեն երկիր պետք է նորից ինքն իրեն ներկայացնի, ասի, թե ով է և ինչ է ուզում զարգացնել»:

Անդրադառնալով կրթության դերին և կրթության որակին՝ նախագահը նշել է, որ տեխնոլոգիական զարգացումն առաջին հերթին հիմնված է կրթության վրա. «ATOM նախաձեռնության շրջանակում Հայաստան այցելած միջազգային ընկերությունների պատվիրակություններն անպայման ցանկանում էին համալսարաններ այցելել, ուզում էին շարունակելիությունը տեսնել: Դու կարող ես աշխարհի ամենամեծ և ամենալավ ընկերությունն ունենալ, բայց եթե վաղվա երիտասարդ գիտնականը կամ ինժեները չկա, ուրեմն ոչ մի տեղ չես հասնի»: