«Կինոն կամաց-կամաց դարձավ երշիկ» (video)
Support A1+!Երկար ժամանակ քննարկվող Կինոյի մասին օրենքը գուցե առաջիկայում վերջապես ընդունվի։ «Հիմա քննարկման փուլում ենք։ Կուզեի, որ այդ օրենքով կինո նկարահանողների համար սահմանափակում պետք լինի, քանի որ այսօր ինչ ուզում, մատուցում են, կինոթատրոնների համար էլ պետք է սահմանափակում լինի, որ ամեն ինչ չցուցադրեն: Դաժանություն, էրոտիկա և ինչ ասես, ցուցադրում են»,-կարծում է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։ Կինոյի ֆինանսավորումը ներկայում 293 մլն դրամ է, որն, ըստ նրա, շատ փոքր գումար է, որով բազմաթիվ խնդիրներ հնարավոր չէ լուծել։ Հարկային արտոնություններ պետք է տրվեն ռեժիսորներին, որպեսզի իրենք էլ շատ դժվարություններից խուսափեն։ Պարոն Գևորգյանը նշում է, որ մինչև 2006 թվականը Կինոկենտրոնն, ըստ էության, ֆիլմ չի նկարահանել։ «Նման կերպ շարունակել չի կարելի»,-վստահ է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Նա մտաբերում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով ժամանակին դարձյալ այս օրենքի քննարկման ժամանակ նշել էր, թե կինո ու երշիկ արտադրողը պետք է նույն ձևով հարկվեն։ «Դա բերեց նրան, որ կինոն կամաց-կամաց դարձավ երշիկ»,-ասում է պարոն Բաղդասարյանը: Նա այն կարծիքին է, որ այժմ հանդիսատեսը սպառում է անհասկանալի մի բան, որի համար 3000 դրամ է վճարում, բայց ավելի շուտ իրեն պետք է այդքան վճարեն, որ նա դիտի ներկայիս անհասկանալի ֆիլմերը։ Կինոռեժիսորն առաջարկում է գիլդիա ստեղծել, որը սկսած ֆիլմ նկարահանողներից, լիցենզիա կտրամադրի։