Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2008-ԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ 7000 ԳԱԶԱՖԻԿԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ

Հասարակություն

«Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահի հյուրն էր: Հաջորդ տարի գազի սակագների նոր թանկացումների մասին ոլորտի պաշտոնյան ձեռնպահ մնաց կանխատեումներ անելուց: Հիշեցնենք, որ այս տարվա կեսերին սակագինը 51 դրամից 59 դարձնելուց հետո «Հայռուսգազարդը» հայտարարեց, որ 59 դրամը նույնպես ցածր է եւ 6 ամիս անց դարձյալ կօգտվի Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով նոր սակագին սահմանելու հայտ ներկայացնելու իրավունքից:

Այս տարի «Հայռուսգազարդը» կունենա 80 հազար բաժանորդ: Ընկերության ներկայացրած հաշվետվությունում նույնիսկ ընդհանուր բաժանորդների կոնկրետ թիվ կա նշված`«առ 01.01. 2005թ. 268 931 բաժանորդ»: Թե ինչպես են «Հայռուսգազարդում» ճշգրիտ կանխատեսել հաջորդ 13 օրերի գազաֆիկացման ծավալները, Կարեն Կարապետյանը դժվարացավ պատասխանել, սակայն խոստացավ, որ հաջորդ հաշվետվությունում կնշվի արդեն մոտավոր թիվ:

Այս դիտարկումը տեղին է այնքանով, որ «Հայռուսգազարդը» պարբերաբար հայտարարում է, թե գազաֆիկացնող շուրջ 100 մասնավոր ՍՊԸ-ները գործում են այդ կառույցից անկախ, դրանց գործունեության դաշտը լիովին ազատականացված է:

«Գազաֆիկացումը կավարտվի 2008-ից շուտ, ոլորտում ընդգրկված է 7000 աշխատող»,- ասաց Կարեն Կարապետյանը: Այսինքն` 2008-ից կունենանք այդքան գործազու՞րկ` հարցրինք: Պատասխանը դիվանագիտական էր` «երեւի, եթե ուրիշ շինարարական աշխատանքների պատվերներ չունենան»:

Իրան-Հայաստան գազամուղի շինարարության մրցույթին մասնակցելու ցանկությունը Կարեն Կարապետյանը վերահաստատեց` նշելով, որ մինչեւ տարեվերջ մրցույթը կարող է անցկացվել, եւ իր գլխավորած ընկերությունը ամենաշահեկան դիրքում է մյուս հնարավոր հայտատուների համեմատ:

2005թ. իրականացվելիք ծրագրերից պարոն Կարապետյանը առանձնացրեց Հայաստանում գազի ստորգետնյա պահեստարանի կառուցումը, ինչը, նրա կարծիքով, սկզբունքային հարց է եւ ունի ռազմավարական նշանակություն: Այդ նպատակով «Հայռուսգազարդը» պատրաստվում է շուրջ 47 միլիոնի վարկ վերցնել, ինչը կծախսվի նաեւ հաջորդ տարվա գազաֆիկացիայի վրա:

Վերջին շաբաթվա դժբախտ պատահարների պատճառը, Կարեն Կարապետյանի կարծիքով, միայն գազօգտագործման տարրական կանոնները չպահպանելու արդյունք են, նա կոչ արեց այդպիսի դեպքերից խուսափելու համար չդիմել ինքնագործունեության կամ գազօգտագործման կանոնների կոպիտ խախտման:

Նշենք, որ այս ոլորտի վերահսկողությունը դեռ բաց է, եւ Հայլեռտեխհսկողություն կազմակերպությունը, չնայած պետական պաշտոնյաների տարբեր հայտարարությունների, հունվարի 1-ից չի իրականացնելու այդ գործառույթը: