Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՐԱՆԸ ՄԵՐ ՆՈՐ «ՄԵԾ ԵՂԲԱՅՐՆ Է»

Քաղաքականություն

«Այբ-ֆե» օրաթերթի նյութերից

Իրան-Հայաստան գազատարի առաջին՝ 40 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը մեծապես ոգեւորել է հայաստանյան իշխանություններին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, վախեցած Ռուսաստանի կողմից Բեսլանի անցակետը կամայական փակելու նախադեպից, նույնիսկ հայտարարեց, թե նման նախաձեռնությունները այսօր Հայաստանի համար կենսական են որպես այլընտրանքային ռեսուրսներ:

Ռուսական գազը, Վրաստանի տարածքով, Հայաստան է մտնում 1000մմ տրամագծով խողովակաշարով: Իրանական գազը, առանց տարանցիկ երկրի, Հայաստան կմտնի 700մմ-անոց խողովակաշարով: Մեր սահմանում առաջին 40կմ կառուցելու համար նույն Իրանը Հայաստանին է տրամադրել 30մլն դոլար վարկ: Ծրագիրը կարելի է կոչել այսպես. «Ես ձեզ տոկոսով փող եմ տալիս, գազատար կառուցեք, հետո՝ գազ կտամ, որ ձեր երկրում էլեկտրաէներգիա արտադրեք-ուղարկեք Իրան»: Այստեղ ընդամենը տարակուսել կարելի է, թե իրականում որ պետությունը որքանով է շահագրգռված տարիներ շարունակ չարչրկված այս նախագծով: 2007-ից առաջ եւ հետո ռուսական գազը դարձյալ օգտագործվելու է նույն նպատակներով, իսկ իրանականը՝ այդ երկրի էներգետիկ աճող դեֆիցիտը ծածկելու: Մեզ կմնա մտքում պահել խորամանկ երազանքը, թե՝ պետք եղած դեպքում խոշոր էներգակիրներին ու ազգաբնակչությանը կսնենք մեր նոր «մեծ եղբոր» գազով, պարոնա՛յք Բեսլան փակողներ (իսկ Ադրբեջանին կասենք՝ դեռ հարյուր տարի էլ զարգանալու ենք, պարոնա՛յք գազատար պայթեցնողներ):