Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԿՍՎԵՑ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսություն

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցությամբ Սյունիքի մարզի Ագարակ բնակավայրում մեկնարկել է «Իրան-Հայաստան» գազատարի շինարարությունը, իսկ Շինուհայրում շահագործման է հանձնվել «Ագարակ-Շինուհայր» էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային երկրորդ գիծը:

Գազատարը, ծրագրի համաձայն, պետք է կառուցվի թե՛ հայկական եւ թե՛ իրանական տարածքում։ Իրանական կողմում կառուցվելիք գազատարի երկարությունը 100 կմ է եւ ընդգրկում է Թավրիզ-Նորդուզ (Մեղրիի սահմանային կետը) տարածքը։ Այդ հատվածի շինարարությունը պետք է իրականացնի իրանական կողմը։

Գազատարի առաջին 40 կմը, որի շինարարությունն սկսվել է այսօր, կառուցվելու է իրանական կողմի հատկացրած 30 մլն դոլար վարկի միջոցներով։ Վարկի տրամադրման մասին համաձայնագիրը ՀՀ էներգետիկայի նախարարության ու Իրանի արտահանման եւ զարգացման բանկի միջեւ ստորագրվել էր այս տարվա սեպտեմբերին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամիի Հայաստան կատարած այցի ժամանակ։

Այդ նույն ժամանակ գազատարի 40 կմ-ի շինարարության մասին պայմանագիր էին ստորագրել նաեւ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը եւ որպես կապալառու՝ Իրանի «Սանիր» ընկերությունը։

Ըստ հիշյալ պայմանագրի, շինարարությունը պետք է ավարտվի մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը, որից հետո Իրանի եւ Հայաստանի գազի համակարգերը կարող են միանալ եւ սկսել աշխատանքը, սակայն ավելի փոքր թողունակությամբ, քան նախատեսված է գլխավոր պայմանագրով (ստորագրվել է 2004 թվականի մայիսին), համաձայն որի Հայաստան ներմուծվող գազի ծավալն սկզբնական շրջանում կհասնի մինչեւ տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետրի, իսկ 2019 թվականից՝ 2,3 մլրդ խորանարդ մետրի։

Պայմանագիրն ստորագրված է 20 տարով։ Նախատեսված հզորությամբ գազատարը շահագործելու համար Հայաստանում պետք է կառուցվի եւս 197 կմ խողովակաշար, որը կընդգրկի Քաջարան-Սիսիան-Ջերմուկ-Արարատ տարածքը։
Գազատարի այդ հատվածի շինարարության շուրջ բանակցությունները հավանական ներդրողների հետ շարունակվում են։

Ինչ վերաբերում է «Ագարակ-Շինուհայր» էլեկտրահաղորդման բարձրավորլտ գծին, ապա այն հնարավորություն կտա Հայաստան-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքերն ավելացնել 200 մեգավատով եւ մինչ այժմ եղած հզորությունը հասցնել 400 մեգավատի: Ագարակ-Շինուհայր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի շահագործմամբ կբարձրացվի նաեւ Իրանի եւ Հայաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը:

Այս բարձրավոլտ գծի շինարարության մասին Իրանի եւ Հայաստանի էներգետիկայի նախարարությունները համապատասխան պայմանագիր էին ստորագրել դեռեւս 2002թ.: