Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹՈՇԱԿԸ

Քաղաքականություն

Այսօր խորհրդարանը քննարկեց «ԱԺ կանոնակարգ-օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս նախագծի քննարկումը լուրջ աշխուժություն հաղորդեց խորհրդարանին, քանի որ այն վերաբերվում էր անմիջապես իրենց: Օրինակ` «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արտակ Առաքելյանը պահանջեց բարձրացնել հանձնաժողովների նախագահների աշխատավարձերը:

Իսկ մշակույթի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը մտահոգված էր պատգամավորների կենսաթոշակների չափով եւ պահանջում էր բարձրացնել դրանք:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, կանոնակարգ-օրենքի նախագծի հեղինակ Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ այսօր կենսաթոշակների բարձրացման հետ ինքը համաձայն չէ, քանի որ այն լուրջ դժգոհություն կառաջացնի անապահով խավի մոտ. «Մարդկանց թոշակներն ու նպաստները այնքան ցածր են, ու չքավորությունը մեծ է, որ չի կարելի այսօր պատգամավորի թոշակը բարձրացնել, առանց այն էլ, խոսում են պատգամավորի բարձր աշխատավարձերի մասին: Ոչինչ, պատգամավորները ժողովրդի ծառաներն են կդիմանան»:

Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ միայն բյուջետային բարելավումից հետո կարելի է խոսել թոշակի բարձրացման մասին, սակայն նաեւ խոստացավ, որ այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանի ընթացքում հարցը կընդունեն: Ասել է թե՝ անկախ նրանից 3 տարի հետո բյուջետային վիճակը կբարելավվի, թե ոչ, իրենք իրենց կապահովագրեն ու հանգիստ խղճով կանցնեն վաստակած հանգստի: