Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԻՑ

Տնտեսություն

2003թ. օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են շուրջ 230մլն դոլար: Այս տարվա առաջին կիսամյակում դրանց ծավալը 40%-ով ավելացել է: Սակայն համաշխարհային տնտեսությունում օտարերկրյա ներդրումների կրկնակի կրճատում է տեղի ունեցել: Այս տվյալները այսօր ներկայացվեցին Զարգացման հայկական գործակալությունում:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ ներկայացրին 2004թ. Համաշխարհային ներդրումների զեկույցը: Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանից փորձեցինք ճշտել, թե ինչով է պայմանավորված Հայաստանում ներդրումների ծավալի աճը, երբ աշխարհում այն կրկնակի նվազել է. «Դա ուղղակի վիճակագրական տվյալների օբյեկտիվ ներկայացում է. միջազգային տնտեսությունում նվազել են, Հայաստանում՝ աճել, այստեղ վիճելու խնդիր չկա», - պատասխանեց պարոն Դավթյանը:

Նրան խնդրեցինք մեկնաբանել նաեւ, թե ինչով կարող է շատ այլ երկրների համեմատ մեր երկիրը առավել բիզնես- հետաքրքրություն ներկայացնել: Հարցին պատասխանեց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը. «Փոքր ծավալ՝ մեծ արժեք սկսզբունքն է մեզ մոտ. ներդրումներ են արվում այն ոլորտներում, որոնցում տրանսպորտային փոխադրումները այնքան կարեւոր չեն: Դրանք են՝ ադամանդագործությունը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, դեղագործությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, քիմիա, բիոտեխնոլոգիա, լեռնամետալուրգիա»:

Հայաստանը երկու կողմից շրջափակման մեջ է, Վրաստանի կողմից էլ ցանկացած պահի կարող է հայտնվել նույն վիճակում: Դեպի ծով անմիջական ելք չունի, չկան նավթի եւ գազի օգտագործվող ռեսուրսներ: Այս հանգամանքներով պայմանավորված՝ ապրանքի ինքնարժեքը մեզ մոտ բարձր է: «Անդրկովկասյան հարեւան Ադրբեջանում օտարերկրյա ներդրումներին խթանում է նավթարդյունաբերությունը, Վրաստանում՝ երկրի տարածքով նավթի տեղափոխման նախագիծը: Հայաստանում գայթակղիչ հանգամանքը գիտական աշխատուժի պոտենցյալն է, ինչը բերում է ներդրումների աճի»:

Նման տեսակետ հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեն: Իսկ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը ներկայացրեց հետաքրքրաշարժ համեմատություն. «Տեսեք, ադամանդագործությունը զարգանում է, որովհետեւ մեկ կիլոգրամ ադամանդ տեղափոխելու համար հո գնացք չես վարձի, որ տրանսպորտային ծախս ավելանա. կդնես գրպանդ ու կտեղափոխես ինքնաթիռով»: Հավանաբար, հենց սրանով է պայմանավորված Հայաստանի տնտեսության «վագրային թռիչքը», ինչը շատ վերլուծաբաններ չեն ընկալում: