Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՎ

Տնտեսություն

«Չի կարելի ասել, որ տրանսպորտը քաղաքականությունից դուրս է, թեեւ շատ կցանկանայինք: Տրանսպորտը լավ է, երբ կա տարածություն, կան միջանցքներ, բեռների, ուղեւորների ազատ փոխադրում եւ այլն: Այս ամենով է կայուն տնտեսությունը»,-այսօր «Զվարթնոց» օդանավակայանում, ժամանելուն պես, լրագրողներին ասաց «Ռուսաստանի երկաթուղային ճանապարհներ» ԲԲԸ նախագահ Գենադի Ֆադեեւը: Ի դեպ, 2003թ հոկտեմբերին ստեղծված այս ընկերության բոլոր բաժնետոմսերը պետական սեփականություն են:

«Հայաստանը շրջափակման մեջ է, ոչ ծով ունի, ոչ երկաթուղի»,- հայ լրագրողներին հիշեցրեց պարոն Ֆադեեւը` խորհուրդ տալով չամաչել այդ մասին ասել: Ներկայումս Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխադրումներն իրականացվում են Ուկրաինայով, ինչը, ըստ նրա, երեք անգամ թանկ է, փոխադրումը տեւում է մոտ մեկ շաբաթ, բացի այդ փոխադրման ծավալներն էլ շատ փոքր են:

«Ռուսաստանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության նախագահը Երեւան է ժամանել մի քանի առաջարկով: Անհրաժեշտ է ստեղծել հայ-ռուսական համատեղ երկաթուղային ընկերություն եւ հնարավորություն տալ այդ ծրագրին մասնակցել նաեւ այլ երկրների ներկայացուցիչների: Նա խորհուրդ է տալիս բացել դռները հատկապես Վրաստանի առջեւ:

Ըստ Ֆադեեւի, ամենակարճ երկաթուղային ճանապարհը Աբխազիայով է. «Այնտեղից կարելի է հասնել Վրաստան, Հայաստան եւ ուր կուզեք»: Երեւանյան հանդիպումների ընթացքում պարոն Ֆադեեւը հույս ունի, որ կճշտվեն իրական մոտեցումները եւ կնշմարվեն իրական լուծումները: Իսկ ե՞րբ է հնարավոր այս ծրագրերի իրականացումը` ի պատասխան մեր հարցի` պարոն Ֆադեեւը նշեց. «Մենք մեր ներդրումն արել ենք, հիմա հերթը հարավային կողմինն է: Արդեն կա 120կմ-ոց շատ լավ երկաթուղային ճանապարհ` Սոչիից Սուխումի, իսկ Սուխումիից այստեղ` ձեռք կերկարես»: