Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԿՇԱՏԱՆԱՆ- ՉԵՆ ՇԱՏԱՆԱ

Տնտեսություն

Հայաստանի եւ Բելառուսի պաշտոնյանեը օրեր առաջ Մինսկում քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության խնդիրներ: Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակում մեր պատվիրակները պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանում մինի տրակտորների համատեղ արտադրության կազմակերպման, Երեւանի համար 50 «ՄԱԶ» ավտոբուսների ներկրման հարցերում:

Պատվիրակության անդամ, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ Գարեգին Մելքոնյանն այսօր լրագրողներին ներկայացրեց նիստի արդյունքները: Նրա հավաստմամբ, բելառուսի «ՄԱԶ» գործարանում երկամսյա ժամկետում 50 ավտոբուսի հայկական պատվեր ապահովելը որոշակի դժվարությունների հետ է կապված, սակայն. «Մեր երկրի պատվիրակների արդյունավետ աշխատանքի արդյունքում դրանք մինչեւ տարեվերջ հաստատ կհամալրեն Երեւանի ներքաղաքային տրանսպորտը»:

Հիշեցնենք, որ մեծ ուղեւորատար ավտոբուսներ ներկրելով՝ քաղաքային տրանսպորտի վատթար վիճակը բարելավելը Երեւանի քաղաքապետարանի ղեկավարները խոստանում էին այս տարեսկզբից:

Այս առումով հետաքրքրական են երկու գերատեսչությունների պաշտոնյաների՝ միմյանց հակասող տեղեկությունները: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյան ասուլիսում պնդեց, որ 50 ավտոբուսի ներկրման ծախսերը ամբողջությամբ իր վրա է վերցրել ԱՊՀ Միջպետական բանկի Երեւանյան մասնաճյուղը, դրանք Հայաստան բերելու եւ շահագործելու որեւէ այլ պրոբլեմ չկա: Նա նաեւ վստահեցրեց, որ այդ 50-ը ընդամենը առաջին խմբաքանակն է, հաջորդ տարի կներկրվեն նոր խմբաքանակներ:

Բելառուս մեկնած միջկառավարական հանձնաժողովի պատվիրակության մյուս անդամ, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը փոխանցեց հետեւյալը. «Խոսք է գնացել ընդամենը 15 ավտոբուս բերելու մասին, այն էլ՝ դեռեւս ֆինանսական խնդիրները լուծված չեն, քաղաքապետարանը այդ ուղղությամբ աշխատում է»:

Տիգրան Ղազարյանը հերքեց նաեւ այն լուրերը, թե մինչեւ այս տարեվերջ օգտագործված ավտոբուսներ կներկրվեն Ֆրանսիայի Լիոն եւ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքներից: «Դրանք ընդամենը խոսակցություներ են»,- ասաց նա:

Նոր ավտոբուսներ գնելուց հրաժարվել է նաեւ «Ավիատրանս» ընկերությունը, որը այս տարեսկզբին ներկրեց Ուկրաինական դեղին «Բոգդան» ավտոբուսները եւ խոստացավ երկու ամսում դրանց թիվը ավելացնել եւս 20-ով: Մեր հարցին՝ հավանաբար շահավետ չէ՞, Տիգրան Ղազարյանը պատասխանեց՝ չգիտեմ: