Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԿԱԶՄԱԼՈՒԾՎԻ, ԲԱՅՑ ՉԻ ԼՈՒԾԱՐՎԻ

Տնտեսություն

«Հոկտեմբերից Հայէներգոն կդադարեցնի լիցենզավորված գործունեությունը, բայց չի լուծարվի: Ընկերությունն ունի դեբիտորական եւ կրեդիտորական պարտքեր, բայց չի բացառվում, որ Հայէներգոն զբաղվի այլ գործունեությամբ էներգետիկայի ոլորտում»,- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:

Նիստի օրակարգում էներգետիկ ոլորտին վերաբերող հինգ հարց էր, որոնք կապված էին հանձնաժողովի՝ հունիսի 25-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելուն: Դրանք, ըստ էության, ընթացիկ-կարգավորող բնույթ ունեին, քանի որ նիստում Ռոբերտ Նազարյանը առավել քան վստահություն հայտնեց, որ բոլոր հարցերը, գլոբալ առումով, կարգավորում կգտնեն մշակվող նոր օրինագծում, որը օրենք կդառնա նոյեմբերին եւ գործողության մեջ կմտնի 2005թ. հունվարի 1-ից:

Նշենք, որ փոփոխությունների դեմ առարկություններ ունեին վերավաճառող երկու կազմակերպություններն էլ. Հայէներգոն եւ «Բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունները: ՀԾԿՀ նախագահը հանձնաժողովին հանձնարարեց «մինչեւ գիշերվա 1-ը առաջարկությունները հաշվի առած՝ փաստաթղթերը փոփոխել»՝ առավոտյան Արդարադատության նախարարություն ներկայացնելու համար:

Նա խոստացավ նաեւ «Հայէներգոյի հարցը» քննարկել կառավարության մակարդակով: