Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿՈՒՄ» ՄԻՋՈՑՈՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Տնտեսություն

Հայաստանի կառավարական կառույցները եւ հասարակական կազմակերպությունները ներկայումս չափազանց ակտիվ գործունեություն են ծավալել, որպեսզի Հայաստանն արժանանա ԱՄՆ կառավարության կողմից հատկացվելիք մինչեւ 450 միլիոն դոլար օգնության: ԱՄՆ կառավարությունն այդ օգնությունը տրամադրելու է «Հազարամյակի մարտահրավերներին դիմակայելու» ծրագրի շրջանակում:

Այդ օգնությունը նախատեսվում է տրամադրել մի շարք երկրների: Աշխարհի 75 երկրներից առայժմ ընտրվել են 16 երկիր-թեկնածու, որտեղ կառավարման համակարգը կայացած է եւ նորմալ գործում են հասարակական-կազմակերպություններ:

Ի դեպ, վերոնշյալ երկիր-թեկնածուների մեջ Հայաստանն ընդգրկվել է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ներկայումս Հայաստանը մտել է այպիսի փուլ, որտեղ կառավարական կառույցներն ու հասարակական կազմակերպությունները համատեղ պետք է մշակեն եւ ԱՄՆ կառավարությունը ներկայացնեն մեկ-երկու այն ծրագրերը, որոնք հավանության արժանանալու դեպքում իրականացվելու են հատկացվելիք գումարով:

Ծրագրերը մշակելու առումով ստեղծված հատուկ հանձնաժողովը սկզբնական քննարկումների ժամանակ որոշեց որպես հիմք ընդունել «Աղքատության նվազեցման» ՀՀ ռազմավարության հիմնական դրույթները՝ կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ գյուղատնտեսության ոլորտները:

Այս միջոցով ՀՀ կառավարությունը կլուծի միանգամից երկու խնդիր. կստանա օգնություն «Հազարամյակի մարտահրավերներին դիմակայելու» շրջանակում ու նաեւ այդ միջոցներով կլուծի ազագյին միակ ռազմավարությունը՝ «Աղքատության նվազեցման»:

Ի դեպ, այսօրվա քննարկումների ժամանակ առավել հաճախ հնչում էր երկու ուղղություններով անհրաժեշտ աշխատանքը: Ընդհանուր առմամբ դա բնորոշեց ՀՀ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը. «Մարզերին անհրաժեշտ է ջուր, որ բերք լինի: Եվ անհրաժեշտ է լավ ճանապարհ, որ բերքը արագ հասցվի շուկա»:

Այդ կարծիքին հակառակ տեսակետ հնչեցրեց Լյուդմիլա Հարությունյանը: Նա համոզված է, որ ԱՄՆ կառավարությունը օգնություն է հատկացնելու տարբեր երկրներին հստակ նպատակով եւ երեւի թե ցանկանա, որ մշակվի նաեւ այդ ծրագրի իրականացումը:

«Եթե հասարակական համակարգ չկա, ուզում եք 100 տոկոսով ջուրը տվեք. հասարակությունը միեւնույնն է նույն ձեւով է գործելու: Եկեք ընդլայնենք հայացքները», - սա ասելով Լյուդմիլա Հարությունյանը նկատի ունի, որ անհրաժեշտ է իրականացնել ավելի գլոբալ խնդիր եւ կառուցել լիարժեք հասարակություն: