Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՊԱՆ. ՈՉԻՆՉ ՉԱՆՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՂԱՔԸ

Հասարակություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

«Ուրեմն ըսենց, մոռացեք, թե ինչ են ասել Սուրիկի մասին, ինչ են պատմում, Սուրիկը անելու է այն, ինչ ես եմ ասում»,-մարտին Սյունիքի նոր մարզպետ Սուրեն Խաչատրյանին մարզպետարանի աշխատակազմին այսպես է ներկայացրել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Վարչապետի բառերը շրջանառվում են շուրթից շուրթ: Ողջ Կապանն այս բառերն ասում է` հիշելով նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն ասված ԱԺ այն ժամանակվա պատգամավոր Սուրեն Խաչատրյանին: Մարզպետարանի աշխատակիցները համոզված ասում են, որ Խաչատրյանը մարզպետարանի ձեւավորման օրվանից երազում էր դառնալ Սյունիքի մարզպետ: «Երբ որ ես դառնամ Հռոմի պապ, դու կդառնաս մարզպետ»,-Շաքիի ջրվեժի մոտ տեղի ունեցած խրախճանքի ժամանակ այսպես է պատասխանել Վազգեն Սարգսյանը որիսի թիվ մեկ հեղինակությանը` Լիսկային:

Կապանցիներն առանց աչք թարթելու ասում են՝ Վազգենը չի մեռել, նա հիմա Հռոմի պապ է: Սկզբից նույնիսկ գլխի չես ընկնում, թե ինչի մասին է խոսքը: Այնուհետեւ ցանկացած կապանցի սառնասրտորեն պատմում է, թե ինչ նկատի ունի:

Այսօր մարզպետարանի աշխատակիցները հարգանքով են խոսում նոր մարզպետի մասին: Մտավորականները պնդում են, որ «Լիսկան կիրթ է դարձել»: «Նրա համար քարտուղարուհին գիրք է կարդում»,-հավատացնում է ներակայանալ չցանկացող աշխատակիցը: Վերջին օրերին ոչ ոք մարզպետին Կապանում չի տեսել: Ասում են մոր առողջության հետ կապված հարցերով Երեւանում է: Իսկ մարզն ապրում է իր կյանքով: Ի՞նչ կյանք է դա:

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒ ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՀՈՍԵՐ

Կապանի սոցիալական վիճակի մասին կարելի է պատկերացում կազմել խանութներում վաճառվող ամենաթանկ ծխախոտի գնից՝ 500 դրամ: Ավելի թանկը «գործ անող» մարդիկ չեն էլ կարող առնել: Կապանի միակ հիվանդանոցի վիրաբուժական բաժնում միայն մեկ հիվանդ է պառկած: Նրա միզապարկում երկու ուռուցք են հայտնաբերել:

65-ամյա Հարությունը մտածում է միայն այն մասին, որ աշխարհի բոլոր սահմանները վերանան եւ «Եվրոպան մտածի միայն տիեզերքի մասին»: Կինը՝ Լարիսան, ամուսնու համար հաց սարքելուց հետո հարցնում է. «Էն Տիգրան Նաղդալյանին հուվ ա թխա՞լ»:

Վիրաբուժական բաժնի բուժքույրերը ամբողջ կազմով ներկայացել են աշխատանքի: Հիվանդին մի քանի րոպեով այցելելուց հետո նրանք մտնում են իրենց սենյակ եւ խմբով երգում Անի Քրիստիի «Կարոտը»: Այնուհետեւ երկուսը դուրս են գալիս միջանցք: «Համը տուս ա եկալ, Կառա, պետք ա ընենց տեղ ըշխատիս, որ պատա փող ըլնի»,- Կառա անունով ընկերուհուն է դիմում բուժքույրը:

Հիվանդանոցից դուրս եմ գալիս փողոց: Տեղ-տեղ մարդիկ են երեւում: Մարզպետարանի մոտ նրանք ավելի շատ են: Այդ հատվածում է քաղաքի փոստատունը, բանկը, սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, թատրոնը եւ կուլտուրայի պալատը, որի երկրորդ հարկում նախընտրական շտաբ է:

Սուրեն Խաչատրյանի թափուր տեղի համար ԱԺ պատգամավորի աթոռին հավակնում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին: «Ով ըտեղ շտաբ ա բացում, հաղթում ա»,-ասում է տեղացիներից մեկը:

Ինչի՞ մասին են խոսում կուլտուրայի դիմացի զբոսայգու նստարաններին նստած ծերերը: «Հերեկի գյուղ ըմ քեցալ»,-ներկայանում է մեկը: «Մերդ հու՞նց ա»,-ծերունուց հետաքրքրվում է ավելի մեծահասակ մյուսը: «Պենը, քուրն ասում ա, որ մըռնըլու ա»,-հենց այնպես ասում է ծերունին: «Տա լա տի ալ ասա՞լ ա»,-անմիջապես արձագանքում է զրուցակիցը: Մահացող մոր որդին գլուխն է թափահարում:

Հաջորդ նստարանին նստած ծերերը խոսում են քաղաքականությունից: «Պուտինը Բուշին ասալ ա՝ դու կարալ չըս Հայաստանին պրեզիդենտի վրա, էնի իմ մարդն ա»,-,-ասում է միջահասակ, գրեթե անատամ մի մարդ: Մյուսը հազալով հարցնում է. «Պի, տու տելեվիզըրավ լսա՞լ ըս»: Անատամ մարդը գլուխն է թափահարում: Նա աջ ու ձախ է նայում: Հայացքը պարապ է:

Կուլտուրայի տան ձախ մասով սրճարան տանող ճանապարհի վրա երկու կին են հանդիպում: Բարեւում են: «Խոխա, ըրխա հունց են»,-հարցնում է ավելի երիտասարդը: «Մեծս բանակ ա քինում»,-պատասխանում է համեմատաբար ծեր կինը: Մյուսը ոչինչ չունի ավելացնելու: Տալիս է կապանցու համար ավանդական մյուս հարցը. «Շտեղա՞ն ըս կյամ»: «Դպրոցան»,-պատասխանում է զինակոչիկի մայրը, որն ուսուցչուհի է: Նրանք միմյանց են նայում առանց ավելին իմանալու ակնկալիքի: Այնուհետեւ` «քեցալ ըմ, պակա»:

Կապանում նաեւ երիտասարդներ կան: Մայիսի 9-ին նրանցից շատերին կարելի էր տեսնել «Տիպ-տոպ» սրճարանում:

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԵՐԸ, ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԸ

Սրճարանը եզակի վայր է, ուր տղաները կարող են ցույց տալ, թե ինչ աղջիկների հետ են նստում ու վեր կենում: Երկու տղա սրճարան են մտնում 4 աղջկա հետ: Քիչ հետո 6 տղա են մտնում մեկ աղջկա հետ: Աղջիկն առանձնապես հմայիչ չէ: Սեղաններից մեկը զբաղեցնելով` տղաներից մեկն ասում է. «Հաշիվը մենք ենք փակում, հարց չկա»: Այսինքն, կարող էր եւ հակառակը լինել՝ իրենք չփակեին, այլ՝ աղջիկները: Երիտասարդները պահանջում են գարեջուր, իսկ աղջկա համար՝ սուրճ: Դուրս եմ գալիս:

Քաղաքի զբոսայգին դատարկ է: 89-90 թվականներին այս զբոսայգին լիքն էր զույգերով: Այսօր տղաներն արտագաղթում են տարբեր պատճառներով եւ ինչպես վստահեցնում է քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը` պատճառների մեջ բանակից խուսափելը չկա: Տղաները գնում են ծառայությունից հետո:

Քաղաքում ոչ մի գրախանութ չհանդիպեց: Կար էլեկտրական ապրանքների երկու խանութ, երկու երրորդով դատարկված շուկա եւ կրոնական կազմակերպությունների ակտիվ գործունեություն: Կապանցիները նրանց մասին արտահայտվում են իմիջիայլոց: «Դե կան, էլի»,-ասում է միակ շուկայի կրպակավարը:

Նույնքան անտարբեր խոսում են հայ առաքելական «սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու մասին, ասես այն ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից մեկն է, կամ այդ կազմակերպություններն են մեր եկեղեցունը: «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ Գագիկ Մարգարյանն ասում է, որ Կապանը երբեք աչքի չի ընկել հավատքով:

Բնակարանների առք ու վաճառքի մեջ հիմնականում ներգրավված են ոչ ավանդական կրոնական կազմակերպությունները: Նրանք բնակարաններ են գնում Կապանի բոլոր թաղամասերում՝ Շահումյանում, «Հունան»-ում, Ձորքում, ԷՍ-ում եւ Բաղաբերդում: Նաեւ՝ Չերեմուշկայում: Նրանք քաղաք մտան ռումբերի ու արկերի տակ: Քարոզեցին ռմբապաստարաններում, ինչպես վստահեցնում է եկեղեցու քահանան՝ տեր Սահակ Մարտիրոսյանը: «Մարդիկ իրապես մխիթարության կարիք ունեին՝ վախ, մթություն, արյուն, մահվան լուրեր»,-ասում է երկու տարի առաջ բացված եկեղեցու քահանան: Այդ ամենի փոխարեն այսօր կա միայն մեկ խնդիր՝ աշխատանք չկա եւ հույս էլ չկա, որ կլինի:

Հեղինակ՝ Մհեր Արշակյան