Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԱՐԵՆՑԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՂԻՆ ՉԻ ՏՎԵԼ ՄԻ ԹԵԼ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

Սվանիձեի հետ հարցազրույցից պարզ դարձավ, որ «Ռոսիա» հեռուստաընկերությունում լրագրողն ավելին է, քան սոսկ լրագրող: Նա նույնիսկ ավելին է, քան երկրի, ասենք, Հայաստանի, նախագահը: Ազգությամբ վրացի այդ լրագրողը ողջ եթերի ընթացքում դեմքի մռայլ արտահայտությամբ ծիծաղեց Ռոբերտ Քոչարյանի վրա:

Իսկ ինչպե՞ս: Որպես ի՞նչ էր նա Քոչարյանից հետաքրքրվում Չեչնիայի հանդեպ մեր երկրի դիրքորոշման մասին: Իմանալով, որ մենք ունենք Ղարաբաղի հարց եւ Ռուսաստանի հանդեպ աննախադեպ բարիդրացիական հարաբերություններ, ինչու՞ էր Սվանիձեն ուզում իմանալ Քոչարյանի կարծիքը: Որովհետեւ գիտեր, որ Քոչարյանն առիթը չի փախցնի Ռուսաստանին քծնելու չմտածելով Ղարաբաղի մասին:

Տվյալ դեպքում Չեչնիան մեզ ի՞նչ: Հատկապես, որ ռուսներն այնտեղ մարդ սպանելով են զբաղված. ուրիշի հողում թափում են ուրիշի արյունը եւ այդ հողն անվանում իրենց Հայրենիքը: Ռոբերտ Քոչարյանը մոռացե՞լ է, թե 90-ականների սկզբին ադրբեջանցիներն ինչ էին անում Ղարաբաղում: Սվանիձեն Քոչարյանի հետ վարվեց վերջինիս ձեռագրով` բացահայտել մարդու իրական կերպարը: Այսինքն, տեսեք, թե ո՞վ է ձեր նախագահը:

Սվանիձեից բացի ողջ Ռուսաստանում էլ ու՞մ է հետաքրքրում, թե ինչ է մտածում Քոչարյանը Իլհամ Ալիեւի, Չեչնիայի, էլ չեմ ասում` մեր երկրի ընդդիմության մասին: Որպես ի՞նչ էր Սվանիձեն հարցնում` դուք ձեզ ժողովրդավարական ղեկավա՞ր եք համարում, թե` բռնապետական հակումներով ղեկավար: Եթե մարդը իսկապես ժողովրդավարական ղեկավար է, ու՞մ մտքով կանցնի նրան նման հարց տալ:

Մեր Սահմանադրությունը վկայակոչելո՞վ է Քոչարյանն ուզում խույս տալ հարցից: Այսինքն, մի ողջ ժողովրդի՞ է վերագրում ստրկամտությունը: Այսինքն, մենք իսկապե՞ս այդքան ստրկամիտ ենք, որ Սահմանադրությամբ մեր գլխին ամրագրում ենք բռնապետ ղեկավարի կառավարումը: Հենց այս հարցից հետո, չէ՞, Սվանիձեն հարցրեց` դուք ո՞ր լեզվով եք մտածում: Այսինքն, քանի՞ կոպեկ արժե հայկական մշակույթը, եթե ձեզ չի սովորեցրել նախ եւ առաջ մտածել ըստ իրեն: Այսինքն, ինչքանո՞վ եք հայ: Այսինքն, Ղարաբաղն ինչքանո՞վ է հայկական: Այսինքն, ձեզանից ի՞նչ Հայաստանի նախագահ, եթե միայն 2004-ին 5 անգամ Մոսկվա եք թռել Պուտինի ձեռքը սեղմելու: Ուրիշ մարդ չգիտե՞ք, որի ձեռքը կարելի է սեղմել: Չեչնիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը նույնպես ռուսերեն գիտեր: Ու՞մ մտքով կանցներ նրան նման հարց տալ:

Բայց Սվանիձեի ռումբ-հարցն այնուամենայնիվ այն էր, թե հայերն ի՞նչ են մտածում ռուսների եւ Ռուսաստանի մասին: Այսինքն, Պուտինի հետ ձեր անկառավարելի սիլի-բիլին հայերին ռուսների դեմ չի՞ տրամադրում, կա՞ վտանգ, որ ռուսները հայերի համար կարող են դառնալ այն նույն ազգը, ինչ` թուրքերը: Իսկ Քոչարյանը, հիշում եք, թե ինչ ասաց` մեր գրականության մեջ ռուս բացասական հերոս չկա: Այս արտահայտություն անողն անկասկած չի կարդացել Չարենցի «Խմբապետ Շավարշը»: Հայ զինվորականների մասին Չարենցն ասում է, չէ՞, «ռսացած սպաներ-օսլայած շապիկներով»: Սա հո այն ժամանակների Արեւելյան Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմաստրատեգիական համագործակցության գնահատականն է:

Նարեկացուց հետո հայ գրականության թիվ մեկ հանճարի բերանով ծաղրվում է հայկական ռուսականությունը, որի շրջանակներում էր , ի դեպ, երկրի գերագույն գլխավոր հրամանատարին ուղղված այն հարցը, թե ի՞նչ լեզվով է մտածում: Բակունցի Արթին պապն ու՞մ էր նամակ գրում` ռուսաց թագավորին, չէ՞: Երբեմն պետք է գիրք կարդալ, նույնիսկ եթե դա վատ կանդրադառնա սեփական հեղինակության վրա: Ի՞նչ կարիք կար արձանագրել այն, որ մեր գրականությունը ռուս բացասական հերոս չունի: Ինչու՞ վրացի լրագրողին տեղեկացնել, որ հայերը մշակութաբանորեն պառկած են ռուսների տակը: Քաղաքական իմաստով ռուսների տակը գտնվելը Սվանիձեին բավարար չէ՞ր:

Ես չգիտեմ, Սվանիձեին որտեղի՞ց այդ աստիճանի խորաթափանցությունը, բայց այն տպավորությունն ունեի, թե հարցազրույցից հետո հենց Սվանիձեի ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանը պիտի գրեր իր հրաժարականի տեքստը: Երբեք նա այդքան ծիծաղելի չէր եղել:

Հեղինակ՝ Մհեր Արշակյան