Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՆՈՐ ԼԾԱԿ Է ՊԵՏՔ

Քաղաքականություն

Խորհրդարանում այսօր շարունակվում էր ԱԺ վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումը: Պատգամավորներն ընդհանուր առմամբ հակված են այդ հաշվետվությունն ընդունել:

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ եթե պատգամավորները կողմ քվեարկեն եւ ընդունեն ԱԺ վերահսկիչ պալատի հաշվետվությունը, «ապա մենք դրանով իսկապես իրավունք կտանք ԱԺ նախագահին, որպեսզի նա հնարավորություն ունենա այն մի շարք փաստերը, որոնց մասին երեկ մի քանի անգամ խոսվեց, ներկայացվեն ոչ միայն պատասխանատու գերատեսչություններին, այլ նաեւ դատախազություն»:

Պարոն Հովհաննիսյանը համոզված է, որ վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ կան այնպիսի փաստեր, որոնք կհետաքրքրեն դատախազությունում ստեղծված հակակոռուպցիոն դեմ պայքարի հատուկ բաժնին. «Մենք արդեն տեսանք, որ որոշ գործարքներում կիրառվել են կեղծ փաստաթղթեր, կեղծ կնիքներով կնքված թղթեր, իսկ դա արդեն քրեորեն հետապնդելի գործ է: Դոտացիոն համակարգը՝ սուբսիդավորումը, իր մեջ պարունակում է որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Մասնավորեցման գործընթացներում չափից դուրս բարձր է ուղիղ վաճառքի տոկոսը՝ առանց որեւէ մրցակցային սկզբունք կիրառելու»:

Վահան Հովհաննիսյանի գործընկեր, ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանին՝ վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունում առավել հետաքրքրել է վարկային միջոցների աննպատակ ծախսելու փաստերը. «Հասարակությունը, որը այնուհետեւ իր վրա է կրելու ֆինանսական ծախսերի կամ վարկերի արդյունքները՝ վերադարձվելիք տոկոսների ձեւով, իրավունքն ունի իմանալ խախտումները, դրանց բացատրությունները, նաեւ հիմքերը»:

2003 թվականի ընթացքում կառավարության տարբեր ճյուղերի աշխատանքների ուսումնասիրության ժամանակ վերահսկիչ պալատի հայտնաբերած թերություններին ԱԺ պատգամավորները որոշեցին շատ խիստ ձեւակերպումներ չտալ:

«Չարաշահումներ կամ խախտումներ» տերմիններից խորհրդարանականները որոշեցին առայժմ կանգ առնել «խախտումներ» տերմինի վրա: Բայց, այնուամենայնիվ, պատգամավորների մեծամասնությունը կողմնակից է, որպեսզի խախտումների մեղավորները համապատասխան վերաբերմունքի արժանանան: