«Խոռոչներից հրեշներ են դուրս գալու մի օր»

Վերահրատարակվել է Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոց» վեպը։
« Տասնութ տարիների ընթացքում այս գիրքը չի կորցրել արդիականությունը»,- վեպի վերահարատարակության առիթով ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը` նշելով, որ սա ընթերցողի պահանջով վերահրատարակություն է:

«Հայ գրականության մեջ Խանջյանի «Հիվանդանոցն» ունի ուրույն դերակատարում, որովհետև իսկապես առաջին վեպն էր, որ եկավ քանդելու այն բոլոր կաղապարները, տաբուները, որ գերիշխում էին հայ վիպագրության մեջ, և կարճ ժամանակում կարողացավ ունենալ հետևորդների մի բանակ` նպաստելով արդի վիպագրության զարգացմանը»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Իսահակյանի անվան գրադարանում կազմակերպված շնորհանդեսին ներկա էին երիտասարդ գրողներ, գրականագետներ, ուսանողներ, ավագ սերնդի նրա գրչընկերները:

«Վեպի համար ուրախ եմ, որ այսօր էլ արդիական է,- ասաց Գուրգեն Խանջյանը,- բայց տխուր եմ հասարակության համար, մարդու համար առհասարակ, որովհետև ժամանակները գնում են, մարդը, հասարակությունը շարունակում են մնալ հիվանդ, «Հիվանդանոցը» շարունակում է մնալ ակտուալ. բոլորը հիվանդանոցի կարիք ունեն, և վախ ունեմ, որ երբեք չեն բուժվելու»։

Արձակագիրը շարունակում է, թե դեմոկրատական քնքշանքները չեն փրկելու մարդկանց. «Սրանք ընդամենը հիվանդությունը մղում են թաքնված ինչ-որ մի տեղ, ինչ-որ խոռոչ, հետո էդ խոռոչներից հրեշներ են դուրս գալու մի օր, և ավելի դժվար է լինելու: Դրա համար պետք է պարզ ասել իրար` դու հիվանդ ես, դու նույնպես հիվանդ ես, ես հիվանդ եմ: Որովհետև այլ կերպ բուժվել հնարավոր չէ»:
Արձակագիրը նկատեց, որ սա է նաև բաց տեսարանների պատճառը։ «Ինձ համար գրողը մի քիչ էլ բժիշկ է, խիրուրգ է, նա չպետք է վախենա թարախապալարը ճղել, թեկուզ էդ թարախը մի քիչ էլ իր դեմքին ցայտի»,- ասաց նա:

Արձակագիրն անդրադարձավ նաև վեպի ստեղծման պատմությանը. «Վեպը սկսեցի 90 թվականին, ավարտեցի 92-ին, այսինքն` երբ գրում էի, Սովետի մասին խոսել չէր կարելի, ու ես խորը թաղել էի իրեն մետաֆորի մեջ` հիվանդանոց, վերջացրի առաջին գլուխը, Սովետը փլվեց: Հիմա ես չգիտեի` ոնց շարունակեմ էս վեպը. ճի՞շտ եմ արել, որ էս մետաֆորով եմ գրել, առաջ ո՞նց պետք է գնամ… Հետո չորս կողմս նայեցի, ավելի սարսափելի իրականություն էր սկսվել, և ժամանակն ինքը հուշեց, թե հաջորդ գլուխները ոնց պետք է գրեմ»,- ասաց Գուրգեն Խանջյանը:

Վեպը վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, որը ժամանակակից լավագույն գրողների գրքերի տպագրության հատուկ ծրագիր է մշակել: Ինչպես նշեց Արքմենիկ Նիկողոսյանը, այն նպատակ ունի ձևավորել գրող-հրատարակիչ քաղաքակիրթ հարաբերություն, երբ գրողը պետք է այլևս չմտածի տպագրության հոգսերի, վաճառքի, PR-ի մասին, այլ միայն պետք է գրականություն ստեղծի` հստակ իմանալով, որ ունի իր հրատարակիչը և ընթերցողների շրջանակը: