Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՋԱԶ ԵՆ ՍԻՐՈՒՄ

Մշակույթ

«Երիտասարդներն ավելի մոտ են կանգնած ջազին, ուստի նրանց մոտ ավելի լավ է ստացվում պատկերել ջազը»,- այսօր Նկարիչների միությունում «Ջազի գույները» երիտասարդական ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Նկարիչների միության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ` «Ջազի օրերը Հայաստանում» միջոցառման շրջանակում:

Ցուցահանդեսում ներկայացված էին նկարիչների միության 63 երիտասարդ անդամների նկարները, որոնք ավարտել են կամ Գեղարվեստի պետական ակադեմիան, կամ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:

«Յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է ասելիք ունենա: Այս դեպքում իմ ասելիքը ջազ երաժշտությունն է»,- նշեց երիտասարդ նկարիչ Սեւադա Սարգսյանը:

Նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ Աննա Հարությունյանը հայտնեց, որ ապրիլի 15-ին անցկացվելու է մրցույթ, որտեղ երիտասարդ նկարիչները ջազ երաժշտության ներքո պատկերելու են ջազը, քանի որ ինչպես ինքն է նշում՝ «լավ ստեղծագործությունը ծնվում է լավ երաժշտության ներքո»: