ԳՅՈՒՂԱՑԻՆ ՉՈՒՆԻ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱ ԿԱՄ` ԼՈՔՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ

«Այն, որ գյուղացին չի կարողանում վարկ ստանալ մեղավոր է երկու գործոն. առաջինը, վարկային ռեսուրսների պակաս եւ համապատասխան գրավադրման մեխանիզմների բարդություն, եւ գրավի առարկայի պակաս գյուղացու մոտ»,– այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը:

Սերմնաբուծության հետ կապված խնդիրներին անդրադառնալով նա նկատեց. «Խորհրդային կարգերի փլուզումից հետո ՀՀ բոլոր սերմնաբուծական տնտեսություները մասնավորեցման գործընթացով կամ լուծարման պատճառով իրականում այլեւս չեն գործում: Եվ այն հիմնական պրոբլեմը` նորմալ սերմ ունենալը, որը պետք է ապահովի նորմալ վերարտադրություն, նորմալ բերք, մեզ մոտ դարձել է լուրջ պրոբլեմ»:

Անասնապահության խնդիրների առումով եւս Դավիթ Լոքյանը մեղավոր է համարում դաշտում մինչ այժմ չկարգավորված բացթողումները: Իսկ ոլորտը լուրջ վերահսկողության կարիք ունի, ըստ Գյուղատնտեսության նախարարի:

Գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման վերաբերյալ էլ քայլեր են կատարվում,- ասաց Լոքյանը, սակայն նաեւ ավելացրեց, որ փոխհատուցման որոշակի իրավական դաշտ չի գործում, չկա մի ապահովագրական ընկերություն, որ փոխհատուցի այն. «Այստեղ մենք ունենք լուրջ խորհրդատվության կարիք գյուղացիների հետ, եւ պետք է սահմանել այնպիսի ապահովագրական վճարներ, որը առանց այդ էլ գյուղացու փոքր շահույթների պարագայում, չխանգարի վարել տնտեսությունը»: